ՀՀ–ն 2023թ. տնտեսական ազատության ինդեքսով 22 տարում ամենացածր ցուցանիշն է արձանագրել

Հայաստանի դրոշ
«Տնտեսական ազատության ինդեքս–2023» զեկույցի համաձայն` Հայաստանում տնտեսական ազատության հիմքերը ամուր չեն պահպանվում դատական համակարգի կողմից, իսկ կոռուպցիան նվազեցնում է տնտեսական զարգացման հնարավորությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Հայաստանի տնտեսական ազատության ինդեքսը 2023 թվականին շարունակում է նվազել։ «ԼՈւՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է «Հերիթեյջ» հիմնադրամի հրապարակած «Տնտեսական ազատության ինդեքս–2023» զեկույցը, որի համաձայն` Հայաստանը 65.1 միավոր տնտեսական ազատության ինդեքսով (ՏԱԻ) (որը նախորդ տարվա ցուցանիշից պակաս է 0.2 միավորով) համաշխարհային վարկանիշային աղյուսակում 50-րդն է։
«Եվրոպայի տարածաշրջանում Հայաստանը զբաղեցնում է 28-րդ հորիզոնականը։ Հայաստանի 2023թ. ՏԱԻ-ն 2001թ.-ից ի վեր ամենացածրն է։ Ինչպես և անցյալ տարի, Հայաստանը գտնվում է տնտեսապես «չափավոր ազատ» երկրների խմբում։ Ի դեպ, 2020 և 2021թթ.-ին Հայաստանը ներառված էր տնտեսապես «հիմնականում ազատ» երկրների խմբում»,– ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ Հայաստանում տնտեսական ազատության հիմքերը ամուր չեն պահպանվում դատական համակարգի կողմից, իսկ կոռուպցիան նվազեցնում է տնտեսական զարգացման հնարավորությունները` շարունակելով մնալ լուրջ հիմնախնդիր։
Զեկույցում նաև ասվում է, որ «Դրամավարկային ազատություն» ենթաինդեքսը զգալիորեն նվազել է։ Ենթաինդեքսի 7.0 միավորով նվազումը հիմնականում պայմանավորված է բարձր գնաճով։ Նվազմանը, թերևս, նպաստել է նաև գնաճի զսպման ուղղությամբ իրականացված պետական ակտիվ միջամտությունը։
Մեկ տարում շուրջ 2000 հայթեք ընկերություն է տեղափոխվել Հայաստան. Քերոբյան
«Մտահոգիչ է «Հարկաբյուջետային կայունություն» և «Պետական ծախսեր» ենթաինդեքսների նվազումը (դրանք 2022-ին ևս նվազել էին)։ Նվազումը, թերևս, հետևանք է այն բանի, որ պարտքային միջոցները, ըստ էության, չեն վերածվել հանրային ներդրումների (հանրային բարիքի ստեղծում, տնտեսական ենթակառուցվածքների և մարդկային կապիտալի զարգացում և այլն), այլ պարզապես վերածվել են բյուջետային ընթացիկ ծախսերի»,– հայտնում է «ԼՈւՅՍ» հիմնադրամը` ներկայացնելով «Տնտեսական ազատության ինդեքս–2023» զեկույցը:
2023թ.-ին Հայաստանը ՏԱԻ-ով առաջատարն է ԵԱՏՄ անդամ երկրների թվում և հարևան 4 երկրներից շարունակում է զիջել միայն Վրաստանին։
Նշենք, որ 1995թ.-ից ի վեր յուրաքանչյուր տարի հրապարակվող այս զեկույցներում գնահատվում է աշխարհի տարբեր երկրներում՝ այդ թվում Հայաստանում տնտեսական ազատության աստիճանը, ինչպես նաև հնարավորություն է ընձեռվում իրականացնելու միջժամանակային և միջերկրային համեմատություններ։
Հայաստանը 19 հորիզոնականով զիջել է դիրքերը Գլոբալ ինովացիոն ինդեքսում