Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի 150 քկմ տարածք. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահը Բահրեյում Միջխորհրդարանական միության (IPU) վեհաժողովի ժամանակ ելույթում անդրադարձել է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Բահրեյնում մասնակցում է Միջխորհրդարանական միության (IPU) վեհաժողովին, որը նվիրված է խաղաղության և անվտանգության հարցերին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
ՀՀ Ազգային ժողովի նախագահն անդրադարձել է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին՝ մասնավորեցնելով ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած Լաչինի ճգնաժամին առնչվող խնդիրները:
«Մեր միջազգային քաղաքականության անկյունաքարը բոլոր երկրների հետ խաղաղ հարաբերությունների պահպանումն է: Այնուամենայնիվ, մենք բախվում ենք բազմաթիվ սպառնալիքների: Հարավային Կովկասում լարվածությունը շարունակվում է: 2021 թվականի մայիսի 12-ից հարևան Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ապօրինաբար օկուպացրել է մոտ 150 քառակուսի կիլոմետր տարածք: Չնայած դժվարություններին՝ մեր նպատակն է համագործակցել կայուն աշխարհ կառուցելու գործում»,– ասել է Սիմոնյանը:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում հայտարարել էր, որ 2021 թ. մայիսի 11-ից Ադրբեջանը երեք անգամ կիրառել է զինված ուժեր և օկուպացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտ 140 քառակուսի կիլոմետր։
Անդրադառնալով այն հարցին, թե ոմանք ասում են, որ Հայաստանը ձգտում է ընդլայնել իր տարածքը, նա վերահաստատեց` Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևաններից և ոչ մեկի նկատմամբ:
Սիմոնյանն իր ելույթում խոսել է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման մասին, որը Հայաստանն ու աշխարհը Լեռնային Ղարաբաղին կապող միակ ճանապարհն է։ ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է` Լեռնային Ղարաբաղը 1000 տարուց ավելի բնակեցված է էթնիկ հայերով և ընդգծել` շրջափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է:
«ԼՂ–ում բնակվող շուրջ 120.000 էթնիկ հայ մնացել է առանց առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների, զրկված են կենսական նշանակության դեղորայքից և բժշկական օգնությունից: Էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման խափանումներն էլ հանգեցրել են սարսափելի դժվարությունների: Գիշերներ շարունակ Լեռնային Ղարաբաղի բնակիչները ենթարկվում են ադրբեջանցիների կողմից բարձր հնչեցվող կրոնական կոչերի, իսկ նրանց տները լուսավորվում են լուսարձակներով»,– նշել է Ալեն Սիմոնյանը։
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Բահրեյնում մասնակցում է Միջխորհրդարանական միության (IPU) վեհաժողովին
Անդրադարձ է եղել նաև վերջերս Ադրբեջանի հրապարակած կեղծ տեսանյութին, որտեղ իբր Հայաստանը զենք է մատակարարում Լեռնային Ղարաբաղին։ Հենց այդ պատրվակով էլ մարտի 5-ին, ադրբեջանցիները սպանեցին ԼՂ ոստիկանության 3 աշխատակցի, ևս 1-ը վիրավորվեց։
Սիմոնյանը հիշեցրել է, որ միջազգային տարբեր կառույցներ, ինչպիսիք են` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, «Ամնեսթի ինթերնեյշնլ» կազմակերպությունը, Եվրոպական միությունը և Հելսինկյան հանձնաժողովը միմյանցից անկախ կոչ են արել անհապաղ դադարեցնել շրջափակումը:
2023 թվականի փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել, որ Ադրբեջանը պետք է ապահովի անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով:
Հավելենք, որ այդ որոշումն Ադրբեջանը չի կատարել։