ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Թուրքիան ԱՄՆ Կոնգրեսի «խելամիտ և տրամաբանական» որոշմանն է սպասում F-16 կործանիչների վերաբերյալ, որոնք ակնկալում է ձեռք բերել. Անկարան ընտրություն ունի, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահին առընթեր անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդի անդամ Չագրը Էրհանը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Անկարան կարող է հրաժարվել ամերիկյան F-16-ների գնումից և փոխարինման տարբերակներ դիտարկել, այդ թվում՝ ռուսական կործանիչներով: Մասնավորապես, նա վկայակոչել է ամերիկյան ինքնաթիռների արժեքը տեղի ունեցած երկրաշարժի համատեքստում։
«ԱՄՆ պաշտպանության նախարարության հետ բանակցությունները հասել են դրական կետի։ Մենք գիտենք, որ Սպիտակ տունն աջակցում է դրանց: Մենք ակնկալում ենք, որ Կոնգրեսը որոշում կկայացնի՝ առաջնորդվելով առողջ բանականությամբ և տրամաբանությամբ»,- հայտարարել է այսօր Թուրքիայի պաշտպանության նախարարը:
Նրա խոսքով՝ Անկարան զանազան տարբերակներ ունի։
Ավելի վաղ ԱՄՆ-ն պաշտոնական ծանուցում էր ուղարկել Թուրքիային՝ նորագույն F-35 կործանիչների մատակարարման ծրագրից նրան հեռացնելու մասին՝ Անկարայի կողմից ռուսական C-400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառով: ԱՄՆ-ն չեղյալ էր հայտարարել Թուրքիայի հետ F-35-ի վերաբերյալ համատեղ հուշագիրը՝ այն ստորագրելով F-35 նախագծի մյուս յոթ գործընկերների՝ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Դանիայի, Կանադայի և Նորվեգիայի հետ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետագայում հայտնել էր ԱՄՆ-ի առաջարկի մասին՝ գնել ոչ թե հինգերորդ կործանիչներ, այլ չորրորդ սերնդի F-16-ներ։