ԵՊՀ դասախոս, քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, փաստաբան, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ձերբակալվել է պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով նրանց նկատմամբ բռնություն գործադրելու անմիջականորեն ծագած կասկածով։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը և կից տեսանյութ է հրապարակել։
«Պարեկային ծառայության աշխատակիցները կոպիտ կերպով, դիմացը կտրուկ արգելափակելով՝ կանգնեցրել են Պետրոսյանի վարած ավտոմեքենան, առանց հիմնավորման, առանց որևէ իրավախախտման փաստ մատնանշելու փորձել են նրան դուրս բերել՝ պատճառաբանելով, որ իբրև թե անկանոն է վարում։ Գևորգ Պետրոսյանը, զգուշությամբ շրջանցելով նրանց, շարունակել է ավտոմեքենան վարել դեպի մի քանի հարյուր մետր հեռավորությամբ գտնվող իր շենքի բակ և կայանել է այնտեղ, որպեսզի տեղում պարզաբանի կասկածելի հետապնդումը»,– գրել է փաստաբանը։
Նա ընդգծել է, որ տեսագրությունից ակնհայտ երևում է, որ դրանում պատկերված գործողությունը չի համընկնում Պետրոսյանին վերագրվող հանցակազմի հատկանիշներին։
ՀՀ ոստիկանությունից էլ հայտնում են, որ պարեկները Աբովյան–Երևան ավտոճանապարհին նկատել են «Մերսեդես» մակնիշի մեքենան, որի վարորդն անկանոն է վարել մեքենան ու փորձել են կանգնեցնել նրան։ «Կանգ առ» օրինական պահանջին վարորդը չի ենթարկվել, հրաժարվել է ենթարկվել սթափության աստիճանի ստուգման, ինչպես նաև սպառնացել է պարեկներին ու փախուստի դիմել։ Իրավապահները Ծարավ Աղբյուր փողոցում հետապնդել են վարորդին, ինչի արդյունքում կարողացել են հարկադրաբար կանգնեցնել մեքենան։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան Գևորգ Պետրոսյանը հայտնել էր, որ իրեն ձերբակալել են և հոդվածն էլ ծիծաղելի էր անվանել։