Սյունիքում ավտոբուսի վթարից տուժած անձանցից 9–ը դուրս են գրվել, 1-ը տեղափոխվել է Երևան

Գետում հայտնված ավտոբուսը
Հիվանդանոցում մնացած 12 անձանցից 5-ը մեծահասակներ են, 7-ը` երեխաներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Սյունիքում դպրոցական ավտոբուսի վթարից տուժած 22 անձանցից 12-ն են այս պահին գտնվում Կապանի բժշկական կենտրոնում, ևս 1 տուժած անհրաժեշտ բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Երևան։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Սյունիքի մարզպետի օգնական Արմինե Ավագյանը` նշելով, որ մայրաքաղաք տեղափոխվածը մեծահասակ է։

«Հիվանդանոցում մնացած 12 անձանցից 5-ը մեծահասակներ են, 7-ը` երեխաներ։ մեծահասակներից 1-ը ավտոբուսի վարորդն է, 4-ը` դպրոցի աշխատակիցներ»,– ասաց նա։

Երեխաների առողջական վիճակն այս պահին գնահատվում է բավարար: Մեծահասակներից 3-ի առողջական վիճակը ծանր է, մյուսներինը` բավարար:
Հիշեցնենք` մարտի 10-ին «ՊԱԶ 3206-110» մակնիշի ավտոբուսը Կապան համայնքի Ուխտավայր բնակավայրից Ուխտավայրի դպրոցի աշակերտներին և ուսուցչական կոլեկտիվի անդամներին Կապան քաղաք տեղափոխելիս դուրս էրեկել երթևեկելի գոտուց և Առաջաձոր բնակավայրի կամրջի մոտ գլորվել Աճանան գետը։
Դրա հետևանքով Կապան համայնքի Ուխտավայրի միջնակարգ դպրոցի դասվար Թամարա Դավթյանը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել էր, իսկ թվով 22 ուղևորներն ու վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Կապանի բժշկական կենտրոն:
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։
Ավտոբուսի վթարից հետո Գորիսից և Քաջարանից բժիշկներ են տեղափոխվել Կապանի բուժկենտրոն