Պայթյուն Ներքին Բազմաբերդ գյուղում․ տուժածներից մեկը 13 տարեկան է

Պայթյուն Ներքին Բազմաբերդ գյուղում
Տուժածներին տեղափոխել են Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն, նրանցից մեկի վիճակը ծանր է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում պայթյունի հետևանքով 3 մարդ է տուժել, որոնցից մեկը 13 տարեկան է։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը պայթյունի մասին ահազանգը ստացել է ժամը 09:54-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի 1-ին հարկում գտնվող հացատանը գազաբալոններից (3 կգ, 10 կգ և 20 կգ) տեղի է ունեցել գազի արտահոսք, կուտակում և պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման․ փլուզվել է պատը (մոտ 2 քմ) և վնասվել մեկ դուռ։ Բնակիչներ Ա․ Ե․-ն (ծնված 2010 թ․), Կ․ Գ․-ն (ծնված 1980 թ․) և Վ․ Ե․ (ծնված 1969 թ․) ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ։

Դեպքի վայրում բժիշկները Կ․ Գ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, Ա․ Ե․-ինը՝ միջին ծանրության, իսկ Վ․ Ե․-ինը՝ բավարար։
Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, նրանք հոսպիտալացվել են Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։
Արարատի մարզում 47–ամյա քաղաքացին ընկել է փոսն ու մահացել