Ինչպես խմելու ջուրը հոսանք կտա. Ճարտարապետական համալսարանի նոր նախագիծը

Ջրամբար
Երևանը և Հայաստանի այլ քաղաքները սնուցող խմելու ջրագծերի մի մասը մեծ անկում և ջրի ուժեղ հոսք ունի, որից կարելի է էլեկտրական հոսանք կորզել, սակայն մինչ օրս Հայաստանում նման փորձ գրեթե չի ձեռնարկվել։
Sputnik
Երևանը սնուցող ջրաղբյուրները բուն քաղաքի մակերևույթից միջինը մոտ 500 մետր ավելի բարձր են։ Հոսելով այդպիսի բարձրությունից` ջուրն ունի մեծ էներգիա և կարող է էլեկտրական տուրբին պտտել։ Այդպիսի պոտենցիալ ունի նաև ոռոգման համակարգերի մի մասը (թեկուզև միայն ոռոգման ամիսներին)։
Սակայն ո՛չ Երևանում, ո՛չ մարզերում, որտեղ ջրագծերը ևս ունենում են նման մեծ անկումներ, դրանց վրա փոքր ՀԷԿ–եր չկան։ Ջրի ուժեղ հոսանքը ոչ մի կերպ չի օգտագործվում, ավելին` որպեսզի դրանից ջրի խողովակները չպատռվեն, դրանցում տեղադրում են փականներ, որոնք սահմանափակում են ջրի հոսքը և կարգավորում ճնշումը։ Միայն Երևանի ջրմուղի ցանցում տեղադրված է ավելի քան 250 ճնշման փական։
Հայ գիտնականները կարող են շարունակել Քեմուրջյանի ավանդույթները Մարսի հետազոտման գործում
Այդ էներգիան հոսանքի արտադրությանն ուղղելու համար Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը կազմել է հետազոտական խումբ, որը գլխավորում է հիդրավլիկայի, ջերմագազամատակարարման և օդափոխության ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր Ալբերտ Մարգարյանը։
Հետազոտական աշխատանքում ներգրավվել են երկու ուսանող` բակալավր և մագիստրանտ։ «Այսպիսի պրակտիկա կիրառվում է բոլոր հետազոտական ծրագրերում, որոնք կատարվում են համալսարանի միջոցներով»,– նշում է շինարարության ֆակուլտետի դեկան Արամ Սահակյանը։ Այս պահին նման ծրագրերը հինգն են, յուրաքանչյուրին հատկացված է 2-ական միլիոն դրամ։
«Ծրագիրը նաև օգնում է մեզ կրթության հարցում. բակալավրները ու մագիստրոսները հետազոտական աշխատանքի փորձ են ձեռք բերում։ Սա շղթայով բարձրացնում է ուսանողների, ասպիրանտների, ապագա գիտաշխատողների մակարդակը, ինչպես նաև ապահովվում գիտության և արդյունաբերության կապը», – ասում է Սահակյանը։
Էներգետիկական ճգնաժամի տարիներին` 1993-94 թթ., այդպիսի փոքր ՀԷԿ–եր սկսել էին կառուցվել ջրամբարների ջրթող ճնշումային խողովակների վրա (Ազատի ջրամբարի խողովակի վրա՝ 30 կՎտ հզորությամբ, Ախուրյանի՝ 10 կՎտ, Ապարանի՝ 150 կՎտ, 3 ագրեգատով, և այլն): Հիդրոտուրբինային ագրեգատներում օգտագործվում էին երկկողմանի սնուցման կենտրոնախույս պոմպեր։ «Դրանց ՕԳԳ–ն ավելի ցածր էր, բայց այդ հանգամանքը հասկանալի պատճառներով անտեսվում էր»,– ասում է պրոֆեսոր Մարգարյանը։
Գիտնականն ու նրա աշակերտները հավաքել են նոր, ավելի արդյունավետ ագրեգատ։ Այն տեղադրելիս պետք է հաշվի առնել միայն մեկ կարևոր հանգամանք, այն է՝ խմելու ջրատարների վրա կարելի է տուրբիններ տեղադրել այն դեպքում, եթե նրանք ունեն ջրի շարժման հիդրավլիկական խառը ռեժիմ. խողովակի վերին մասում` ոչ ճնշումային, ստորին մասում՝ ճնշումային։ «Եթե ջրի շարժումը միայն ճնշումային է, տուրբինի տեղադրումն անխուսափելիորեն կպակասեցնի ջրի ելքը»,– նշում է Մարգարյանը։
Արամ Սահակյանի խոսքով` Հայաստանում ինքնահոս ջրատարների վրա կան բազմաթիվ հանգույցներ, որոնք համապատասխանում են նշված պահանջին։ Գիտնականները նոր ագրեգատները առաջարկում են փորձարկել Արզական-Երևան ջրատարի ճյուղերից մեկի վրա։ Այնտեղ հնարավոր է տեղադրել մոտ 180 կՎտ հզորության ագրեգատ՝ 1,5 միլիոն կՎտժ տարեկան արտադրանքով:
«Այդպիսի տուրբիններ կարելի է գնել դրսից, բայց իդեալական կլիներ, եթե նման արտադրություն հիմնվեր Հայաստանում»,– ավելացնում է Մարգարյանը։
Ակադեմիկոս Ի. Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտում գիտնականները և ուսանողները կառուցել են ագրեգատի մոդել, որի վրա նախատեսում են կատարել հետազոտական աշխատանքներ:
Մի գլուխը լավ է, երկուսը՝ ավելի լավ. ինչ են ուզում աշխարհում փոխել հայ գիտնական եղբայրները