Թուրքիայում ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին. Էրդողանը հրամանագիր է ստորագրել

Թուրքիայում առաջիկա ընտրություններին պայքարը ծավալվելու է գործող նախագահի և ընդդիմության միասնական թեկնածուի միջև։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել երկրում համապետական ընտրություններ անցկացնելու մասին։ Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Նշվում է, որ քվեարկությունը տեղի կունենա մայիսի 14-ին։ Այսպիսով` փետրվարին երկրում տեղի ունեցած հզոր երկրաշարժերի պատճառով Թուրքիայի ղեկավարը ընտրությունների օրը չի տեղափոխել։
Թուրքիայում ընտրությունները նախատեսվում են մայիսի 14-ին. Էրդողան
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ առաջադրվելու է երկրորդ նախագահական ժամկետի համար։
Պետության ղեկավարի հիմնական հակառակորդը կլինի ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Գրանցվել է ավելի քան 4000 հետցնցում, երկրաշարժի զոհ է դարձել ավելի քան 47 հազար մարդ։