ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik․ Սյունիքի մարզում ավտոբուսի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
Հայտնել ենք, որ այսօր Սյունիքի մարզում դպրոցականներ տեղափոխող ավտոբուսն ընկել է գետը։ Կան տուժածներ և զոհ։
Նշվում է, որ կատարվել է դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ:
Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։
«Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի հանգամանքները, այդ թվում տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակը, երթևեկելի գոտուց դուրս գալու պատճառները պարզելու ուղղությամբ։ Այդ նպատակով նշանակվել է նաև դատավտոտեխնիկական փորձաքննություն։ Նախաքննությունը շարունակվում է»,-նշված է ՔԿ-ի հաղորդագրությունում։
ՔԿ-ից տեղեկացնում են նաև, որ հիվանդանոց տեղափոխված թվով 23 ուղևորները, այդ թվում նաև մահացած ուսուցչուհին, ճանաչվել են տուժող։ Նրանցից 14-ը դպրոցի աշակերտներ են, 8-ը՝ ուսուցիչներ, 1-ը՝ սպասարկող անձնակազմից։
Հիեցնենք` այսօր «ՊԱԶ 3206-110» մակնիշի ավտոբուսը Կապան համայնքի Ուխտավայր բնակավայրից Ուխտավայրի դպրոցի աշակերտներին և ուսուցչական կոլեկտիվի անդամներին Կապան քաղաք տեղափոխելիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և Առաջաձոր բնակավայրի կամրջի մոտ գլորվել Աճանան գետը։
Դրա հետևանքով ուղևոր, Կապան համայնքի Ուխտավայրի միջնակարգ դպրոցի դասվար Թամարա Դավթյանը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ թվով 22 ուղևորներն ու վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն: