ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ԱՄՆ–ն շարունակելու է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ ԼՂՀ հակամարտությունը կարգավորելու համար։ Ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը` մեկնաբանելով Հարավային Կովկասում լարվածության պահպանման վերաբերյալ ԱՄՆ հետախուզական ծառայությունների զեկույցը։
Փրայսը նշել է, որ տարածաշրջանային իրավիճակը հակված է բռնության։
«... Սա հին հակամարտություն է, և ԱՄՆ ցանկանում է հնարավոր ամեն բան անել աջակցելու համար այդ հակամարտության կարգավորմանը։ Մենք մտադիր ենք շարունակել անել դա` աշխատելով Հայաստանի և Ադրբեջանի հետ, աջակցելով երկխոսության և դիվանագիտության նրանց ջանքերին, նաև բոլոր համապատասխան մեխանիզմների միջոցով օգնելով այս երկրներին ինքնուրույն դիվանագիտություն վարել և հասնել համաձայնությունների, որոնց, հուսով ենք, կկարողանան հասնել», – ասել է պաշտոնյան։
Հիշեցնենք, որ մարտի 5-ի առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Զոհվել է երեք ոստիկան, մեկը վիրավորվել է։
Բաքուն իր հերթին հայտնել է երկու ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին։