ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ, տեղեկանում ենք մարզպետ Կարեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2022 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի և Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգի միջև ստորագրված համագործակցության ճանապարհային քարտեզը։ Այն հնարավորություն է տալիս համագործակցել տնտեսության, կրթության, մշակույթի, առողջապահության, բնապահպանության, զբոսաշրջության և կենսական նշանակության այլ ոլորտներում։
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում է
© Photo : Կարեն Սարգսյան / Karen Sargsyan
Այնուհետ ՌԴ դեսպանին է ներկայացվել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի դեմ սանձազերծած ագրեսիայի հետեւանքները, այդ բնակավայրերում ստեղծված իրավիճակը և դրանց հաղթահարման նպատակով ձեռնարկվող քայլերը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները անցած տարվա սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում է
© Photo : Կարեն Սարգսյան / Karen Sargsyan
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 224 զոհ, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են: