ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության հերթական՝ յոթերորդ տուրում Հայաստանը ներկայացնող շախմատիստներից 6-ը պարտիաներն ավարտել են հաղթանակով։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Յոթերորդ տուրում իրենց պարտիաները հաղթանակով են ավարտել Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Վահե Դանիելյանը, Արմեն Բարսեղյանը և Ալեքս Սահակյանը։
Ոչ-ոքի են խաղացել գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, ինչպես նաև միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանն ու ՖԻԴԵ-ի վարպետ Էմին Օհանյանը։
Յոթ տուրից հետո հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը, որոնք 7 հնարավորից վաստակել են 5 միավոր:
Մրցաշարի վարկանիշային ֆավորիտներն են Գաբրիել Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը։ Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 499 շախմատիստներ 40 երկրից։ Եվրոպայի անհատական առաջնությունը կավարտվի մարտի 14-ին։