Ղրղզստանն առաջարկում է վեճերի դեպքում ՀԱՊԿ երկրների միջև ուժի չկիրառման մեխանիզմ ստեղծել

Ղրղզստանի արտգործնախարար Ժեենբեկ Կուլուբաևը Երևանում. Արխիվային լուսանկար
Ղրղզստանի առաջարկները ՀԱՊԿ ներուժի զարգացման մասով հաշվի կառնվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Ղրղզստանն առաջարկում է վեճերի և տարաձայնությունների պարագայում ՀԱՊԿ մասնակիցների միջև ուժի չկիրառման մեխանիզմներ ստեղծել։ Այս մասին կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ հանդիպմանը հայտարարել է Ղրղզստանի արտգործնախարար Ժեենբեկ Կուլուբաևը։
«Կուլուբաևը ուշադրություն է հրավիրել ՀԱՊԿ ներուժի հետագա ամրապնդման և զարգացման անհրաժեշտության վրա, հատկապես կազմակերպության պատասխանատվության գոտում ճգնաժամերի կանխման և ՀԱՊԿ անդամ պետությունների միջև վեճերի լուծման դեպքում իրավական ու քաղաքական առումով պարտավորեցնող ուժի չկիրառման մեխանիզմների մշակման վրա» , – ասվում է կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ։
Նախարարը հայտարարել է, որ Ղրղզստանն աջակցում է արտաքին սպառնալիքների և մարտահրավերների նկատմամբ իր անդամ երկրների հավաքական անվտանգության ապահովմանն ուղղված ՀԱՊԿ գործունեությանը։
Տասմագամբետովն իր հերթին վստահեցրել է Ղրղզստանի արտգործնախարարին, որ ՀԱՊԿ ներուժի զարգացման մասով հնչեցրած դիրքորոշումներն ու հանրապետության առաջարկները հաշվի կառնվեն։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը։