Սյունիքում դպրոցականներին տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով կա 1 զոհ, 23 վիրավոր

Ժամը 16.10-ի դրությամբ տուժած 24 քաղաքացի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Առաջաձոր գյուղի վարչական տարածքում, դպրոցականների տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով 1 զոհ, 23 տուժած կա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, այսօր, ժամը 14.20-ին, ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրի ճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. վթարի է ենթարկվել «ՊԱԶ» մակնիշի ավտոբուս:
«Ժամը 16.10-ի դրությամբ տուժած 24 քաղաքացի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն: Նրանցից մեկը՝ 1970 թ. ծնված Թամարա Դավթյանը, մահացել է»,–նշված է հաղորդագրության մեջ։
Սյունիքում դպրոցականներին տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով կա 1 զոհ, 23 վիրավոր
ՆԳՆ փրկարար ծառայությունից էլ հայտնում են, որ Օխտար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին և անձնակազմին տեղափոխող «PAZ» մակնիշի ավտոբուսը (վարորդ Լ. Գ., ծնված 1948 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի եթևեկելի հատվածից և կամրջից (մոտ 5 մ բարձրություն) ընկել Աճանան գետը:
Թվով 25 տուժած (ավտոբուսի վարորդը, դպրոցի 9 աշխատակից և 15 աշակերտ) հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ արձանագրվել է ուսուցիչ Թամարա Դավթյանի (ծնված 1970 թ․) մահը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Առաջաձոր գյուղի վարչական տարածքում, դպրոցականների տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել գետում։