ԱՄՆ դեսպանն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս

ԱՄՆ դեսպանն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դեսպանին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս, որը շուրջ երեք ամիս փակ է բնականոն երթևեկության համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությունը։
«Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դեսպանին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքներն ու դրա ազդեցությունը հարյուրավոր մասնատված ընտանիքների վրա»,– ասված է հաղորդագրությունում։
Մարզպետն անդրադարձել է նաև շրջափակման հետևանքով տուժածներին պետության կողմից ցուցաբերված աջակցությանը։
Քվինը կրկնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի` Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու կոչը։
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։