ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik․ Հաջողվել է փրկել չորրորդ հարկի պատուհանից ընկած երկու տարեկան երեխայի կյանքը: Տեղեկությունը հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից։
«Վերակենդանացման բաժանմունքից փոքրիկն այսօր տեղափոխվել է վնասվածքաբանության բաժանմունք, նրա մոտ նկատվում է դրական դինամիկա, վիճակը գնահատվում է կայուն ծանր»,-նշվում է ԲԿ-ի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ երեխան ծանր վիճակում բուժկենտրոն էր ընդունվել վերջույթների, կրծքավանդակի, կոնքի վնասվածքներով: Նա շարունակում է մնալ բժիշկների խիստ հսկողության տակ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում 4-րդ հարկի պատուհանից ընկած երկու տարեկան տղա երեխայի վիճակը ծանր է։
Մարտի 8-ին երևանյան շենքերից մեկի 4-րդ հարկի պատուհանից 2 տարեկան երեխա է ընկել։ Նրան բազմաթիվ վնասվածքներով տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։