Սեյրան Օհանյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց. հայտնի է հաջորդ նիստի օրը

Սեյրան Օհանյանը. Արխիվային լուսանկար
Նշենք, որ Սեյրան Օհանյանը զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց։
Նշենք, որ Օհանյանը զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից։
Ապօրինի ծագում ունեցող գույք ձեռք բերելու գործով ներգրավված են Սեյրան Օհանյանը, Ռուզաննա Խաչատրյանը (Օհանյանի կինը,– խմբ.), Աննա Բադանյանը, Ժակ Պիեր Հովոն և Բենիամին Ղալեչյանը։
Նա նշեց, որ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելու մասին պահանջը։
«Ներկայացված հայցադիմումով նյութաիրավական պահանջ է ներկայացվել նաև Բենիամին Ղալեչյանին, որպես Սեյրան Օհանյանին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքի իմաստով պատկանող գույքի` Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեի կառուցապատման իրավունքի տիտղոսային սեփականատիրոջ։ Նշված գույքը Ղալեչյանի անունով պետական գրանցում է ստացել 2017 թվականին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս 2009 թվականից Բենիամին Ղալեչյանն ամուսնացած է Մարինե Ներսիսյանի հետ, հետևաբար, նշված գույքն օրենքի ուժով հանդիսանում է վերջիններիս համատեղ սեփականություն»,– ասաց դատախազը։
Ելնելով այս հանգամանքից, դատախազը միջնորդություն ներկայացրեց որպես ևս մեկ պատասխանող ներգրավել Մարինե Ներսիսյանին։
Դատարանը բավարարեց այս միջնորդությունը։
Հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 13-ին, ժամը 10։00-ին։
Հիշեցնենք` Օհանյանը մեղադրվում է այն բանում, որ oգտագործելով պաշտոնեական դիրքը՝ առանձնապես խոշոր չափերով վատնում է կատարել (2 դրվագ), ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով` իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (2 դրվագ)։
Հիշեցնենք, նաև որ փետրվարի 8-ին ՀՀ ԱԺ–ում գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունների հիման վրա Սեյրան Օհանյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից։