ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Կանխվել է Մերձդնեստրի առաջնորդ Վադիմ Կրասնոսելսկու դեմ մահափորձը։ Այս մասին ասված է չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ) պետական անվտանգության նախարարության կայքում։
«ՄՄՀ պետական անվտանգության նախարարությունը տեղեկացնում է ահաբեկչության կանխման մասին։ Ուկրաինայի անվտանգության ծառայության ցուցումով հանցագործություն էր նախապատրաստվում ՄՄՀ մի շարք պաշտոնյաների դեմ։ Կասկածյալները ձերբակալված են։ Նրանք ինքնախոստովանական ցուցմունքներ են տալիս»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ փաստի առթիվ հարուցվել են քրեական գործեր։
Հիշեցնենք, որ ՌԴ Պաշտպանության նախարարությունը փետրվարի 23-ին հայտնել էր, որ Կիևը զինված սադրանք է նախապատրաստում Մերձդնեստրի դեմ։ Այն ժամանակ նշվում էր, որ որպես չճանաչված ՄՄՀ ներխուժման պատրվակ նախատեսվում է Մերձդնեստրի տարածքից իբր ՌԴ զորքերի հարձակման բեմականացումը Կիևի կողմից։ Այն ժամանակ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ՌԴ ԶՈւ-ն համարժեք կարձագանքի Մերձդնեստրի նկատմամբ Կիևի սադրանքին, եթե այն տեղի ունենա։