Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Սիրիա` Ասադի հետ բանակցելու

Հոսեյն Ամիր Աբդոլլահիան
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նախատեսում է հանդիպումներ անցկացնել Սիրիայի Արաբական Հանրապետության ղեկավարության հետ, ինչպես նաև այցելել երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թուրքիայից մեկնել է Սիրիա, հաղորդում Է IRNA-ն:
Նշվում է, որ երկօրյա այցի ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարարը մտադիր է բանակցություններ վարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և արտգործնախարար Ֆեյսալ Միքդադի հետ:
Սպասվում է, որ իրանցի բարձրաստիճան պաշտոնյան կայցելի Սիրիայի այն շրջանները, որոնք տուժել են ուժեղ երկրաշարժերի հետևանքով:
Հիշեցնենք, որ Իրանի արտգործնախարարը Թուրքիա էր ժամանել մարտի 8-ի առավոտյան։ Նա այցելել է երկրաշարժերից տուժած Ադըյաման քաղաք։ Աբդոլլահիանը նաև բանակցություններ է անցկացրել իր թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուի հետ։
Հանդիպման ավարտին կայացած մամուլի ասուլիսում Չավուշօղլուն հայտարարել էր, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում տեխնիկական բանակցություններ կկայանան Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի փոխարտգործնախարարների մակարդակով: Կքննարկվեն Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում նախարարական հանդիպման կազմակերպման հարցերը: