ՀՀ-ն միանում է Եվրասիական վերաապահովագրական հիմնադրամին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ. Արխիվային լուսանկար
Վերաապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում Հայաստանի Հանրապետության մասնակցության մասնաբաժինը կկազմի տարեկան 450 մլն ՌԴ ռուբլի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել «Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագրի վավերացմանը։
Վերաապահովագրական ընկերությունը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ստեղծվում է Եվրասիական տնտեսական միության փոխադարձ և արտաքին առևտրի խթանման, համատեղ կոոպերացիոն նախագծերի և ներդրումների իրագործման նպատակով՝ լրացնելով ընկերության անդամ պետությունների արտահանման-վարկային գործակալությունների գործառույթները վերազգային մակարդակում։
Ընկերության հիմնադրման նպատակն է աջակցել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի, ներդրումների ծավալների մեծացմանը, տնտեսական ինտեգրման զարգացմանը, ներդրումային գրավչության բարձրացմանը և երրորդ երկրների հետ միության առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը։
Հիմնադրամը վերաապահովագրելու է ԵԱՏՄ-ում ու երրորդ երկրներում արտահանման վարկերը, արտահանմանն ուղղված ֆինանսավորումներն ու ներդրումները ձեռնարկատիրական և քաղաքական ռիսկերից։
Վերաապահովագրական ընկերության մասնակիցներ կարող են լինել պետությունները և միջազգային ֆինանսական կազմակերպությունները:
Ընկերությունը միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող միջազգային կազմակերպություն է, որն միջազգային համաձայնագրեր կնքելու իրավունք։
Ընկերության վրա չեն տարածվում ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրության դրույթները։
Ընկերության կանոնադրությամբ նախատեսում է անդամ պետությունների միջև տարաձայնությունների և վեճերի լուծում բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:
Ընկերության կանոնադրությամբ սահմանվում են նաև համահիմնադիր հանդիսացող երկրների ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ։ Դրանց համաձայն` Եվրասիական վերաապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում Հայաստանի Հանրապետության մասնակցության մասնաբաժինը կազմում է 3% կամ 450 մլն ՌԴ ռուբլի։
Նշենք, որ «Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագիրը ստորագրվել էր 2022թ. հոկտեմբերի 20-ին Երևանում:
Համաձայնագիրն իրենից ներկայացնում է բազմակողմ միջազգային պայմանագիր, որով կարգավորվում են վերաապահովագրման ընկերության ստեղծման և գործունեության, դրա կարգավիճակի, գործառույթների, ինչպես նաև ֆինանսավորման հարցերը:
Համաձայնագիրն իրավական ուժ կստանա ԱԺ–ի կողմից հավանության արժանանալուց ու ՀՀ նախագահի կողմից վավերացվելուց հետո։