ՀՀ-ի և արաբական աշխարհի հարաբերությունները խաթարելու Ադրբեջանի փորձերն անհիմն են. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կահիրեում հանդիպել է Լիբանանի ԱԳ նախարար Աբդալլահ Բու Հաբիբի հետ
Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում են եղել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կահիրեում հանդիպել է Լիբանանի ԱԳ նախարար Աբդալլահ Բու Հաբիբի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը` հավելելով, որ Միրզոյանը Եգիպտոսում է ԱՊԼ խորհրդի՝ նախարարական նիստին մասնակցելու նպատակով։
ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ ջանքերը կրթության, գիտության, մշակույթի և այլ բնագավառներում նոր նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ:
Հանդիպման օրակարգում են եղել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր:
«Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակի և առկա մարտահրավերների համատեքստում նախարար Միրզոյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկումները, ինչպես նաև Հայաստանի և հայ ժողովրդի ու արաբական աշխարհի միջև ավանդական ջերմ հարաբերությունները խաթարելու անհիմն փորձերը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի կողմից Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ կայացված որոշման կյանքի կոչման հրամայականը:
Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ հայ-լիբանանյան հարաբերությունները հիմնված են ընդհանուր պատմության, դարավոր բարեկամության և մշակութային ընդհանրությունների վրա՝ ընդգծելով նաև Լիբանանի հասարակական-քաղաքական կյանքում հայ համայնքի ներդրումը:
Անթույլատրելի է Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկումները. Արարատ Միրզոյան