ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Կահիերում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերվող հարցեր է քննարկել Օմանի Սուլթանության արտաքին գործերի նախարարի դիվանագիտական հարցերով տեղակալ Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսսա Ալ-Հարսիի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Անդրադառնալով Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին՝ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հայկական կողմի ջանքերը։ Նա ընդգծել է, որ դրանց հակառակ ադրբեջանական կողմն իր շարունակական սադրանքներով և առավելապաշտական նկրտումներով մարտահրավեր է նետում կարգավորման գործընթացին և ընդհանուր տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը:
Վահան Կոստանյանը գործընկերոջն է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը և կարևորել 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան միջանցքի ապաշրջափակման հրատապությունը:
Այս համատեքստում նախարարի տեղակալն ընդգծել է հատկապես Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկման անթույլատրելիությունը՝ շեշտելով, որ դա չի համապատասխանում Հայաստանի և հայ ժողովրդի ու արաբական աշխարհի միջև ավանդական ջերմ հարաբերությունների տրամաբանությանը։
Բացի այդ, քննարկվել են միջազգային այլ հարթակներում Հայաստանի և Օմանի հնարավոր փոխգործակցության հարցեր։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Օմանի միջև երկկողմ օրակարգային հարցերի՝ շեշտելով քաղաքական երկխոսության ակտիվացման և պարբերական խորհրդակցությունների անցկացման կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել առևտրատնտեսական, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության հետագա զարգացման հնարավորությունների շուրջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 7-9-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Կահիրեում՝ մասնակցելու Արաբական երկրների լիգայի՝ նախարարական մակարդակով խորհրդի նիստին։ Նրան ուղեկցում է ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։