ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Հացահատիկային գործարքի շրջանակում եղած պարտավորությունների մի մասն ընդհանրապես չի կատարվում, ուստի դրա երկարաձգման հարցը բարդանում է։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Հացահատիկային գործարքի գործողության ժամկետն ավարտվում է մարտի 18-ին։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Արևմուտքը «թաղում» է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մարդասիրական նախաձեռնությունը՝ սաբոտաժի ենթարկելով «փաթեթի» ռուսական մասի իրականացումը։
«Առաջինը (մասը. խմբ) Սև ծովով Ուկրաինական հացահատիկի անվտանգ արտահանումն է Ուկրաինայի նավահանգիստներից, փաթեթի երկրորդ մասը ռուսական հացահատիկի և ռուսական պարարտանյութերի արտահանման ճանապարհին բոլոր խոչընդոտները վերացնելու անհրաժեշտությունն է։ Առաջին մասը կատարվում է․․․ Երկրորդ մասն առհասարակ չի կատարվում»,-ասել է նախարարը՝ ամփոփելով Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ բեն Ֆարհանի հետ բանակցությունների արդյունքները։
Նրա խոսքով՝ հաշվի առնելով այն, որ գործարքը միայն կիսով չափ է կատարվում, դժվար է դրա երկարաձգման հարցը լուծել։
«Եթե մենք խոսում ենք գործարքի մասին, ապա այն փաթեթային է, երկարաձգել կարելի է միայն այն, ինչն արդեն կատարվում է։ Իսկ եթե փաթեթը կիսով չափ է կատարվում, ապա երկարաձգման հարցը բավականին բարդ բնույթ է ստանում»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։
Հացահատիկային գործարքը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրեցին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ–ի ներկայացուցիչները, ենթադրում է, որ ուկրաինական հացահատիկը, պարենը և պարարտանյութերը պետք է Սև ծովով արտահանվեն 3 նավահանգստից` ներառյալ Օդեսան։ Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է Ստամբուլի համատեղ համակարգման կենտրոնը։ Պայմանագրի ժամկետը լրանում էր 2022 թվականի նոյեմբերի 18-ին, սակայն կողմերից որևէ մեկի առարկության բացակայության դեպքում մեխանիկորեն երկարաձգվել է 120 օրով` մինչև մարտի 18-ը։
Հացահատիկային գործարքը փաթեթային պայմանավորվածության բաղկացուցիչ մասն է, որը նաև նախատեսում է ապաշրջափակել ռուսական պարենի և պարարտանյութերի արտահանումը։ Մոսկվան պնդում է, որ հենց դա չի կատարվել։ Ընդ որում` ՄԱԿ–ի կողմից հավաստիացումներ են եղել, որ սահմանափակումները կհանվեն։
Գործարքի ժամկետն ավարտվում է մարտի 18-ին։ Կիևը ցանկանում է համաձայնագիրը երկարաձգել առնվազն 1 տարով և նախագծին միացնել ավելի շատ ուկրաինական նավահանգիստներ։