ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik, Դավիթ Գալստյան։ Թուրքիայի հետ սահմանին գտնվող Անիի կամրջի էսքիզային տարբերակը նոր է մշակվում, Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Կառավարության փետրվարի 16-ի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Ասեմ, որ մենք էսքիզային նախագիծ դեռ ահագին ժամանակ առաջ պատրաստել ենք»:
Մենք կառավարությանը խնդրեցինք տրամադրել պատրաստի էսքիզը։ Մեր հարցումը կառավարությունից վերաուղղորդեցին ԱԳՆ, որտեղ, սակայն, հայտարարեցին, որ այն դեռ պատրաստ չէ։
«Տեղեկացնում ենք, որ մշակվում է Անիի կամրջի էսքիզային տարբերակը։ Հիմնական նախագծի կազմման նպատակով դիտարկվելու է մասնագիտական հանձնաժողով ստեղծելու հնարավորությունը»,-հայտնեցին նախարարությունից։
Վերականգնման արժեքի և ժամկետների մասին հարցին ԱԳՆ-ում պատասխանեցին, որ դրանք հնարավոր կլինի նշել միայն նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումից հետո։
Հիշեցնենք, որ Հայաստանն ու Թուրքիան պատրաստվում են վերանորոգել Անիի սահմանային կամուրջը, ինչի մասին փետրվարի 15-ին Անկարայում իր թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։