Ռուսական ընկերությունը սպասում է Երևանի պատասխանին. ո՞ւր է հասել «Աջափնյակի» ծրագիրը

Մետրոյի նոր կայարանի նախագծման երկրորդ փուլով նախատեսվում է իրականացնել համալիր հետազոտական աշխատանքներ և այնտեղ գտնվող շենք–շինությունների մանրամասն ուսումնասիրություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Ռուսական «Մետրոգիպրոտրանս» ԲԲԸ–ն Երևանի քաղաքապետարանից ծանուցում է սպասում Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի նախագծային աշխատանքների երկրորդ փուլի մեկնարկի համար։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ընկերության գործադիր տնօրեն Միխայիլ Աբրամսոնը։
Նա պատմեց, որ աշխատանքների առաջին փուլն իրականացվել է։ Դա շինարարության տեխնիկատնտեսական հիմնավորումն է, որի արդյունքում առաջարկվել է կայարանային համալիրի իրացման մի քանի տարբերակ։ Նախագծի իրականացման համար 2 տարբերակ է առաջարկվել` այնպես, ինչպես մտածել են 80-ականներին, ինչպես նաև համակցված տարբերակ։ Քաղաքային իշխանություններն ընտրել են 2-րդ տարբերակը, որը ենթադրում է գործող թունելների օգտագործում, սակայն աշխատանքների մի մասը կիրականացվի բաց եղանակով։
«Սա թույլ կտա արագացնել շինարարության ժամկետները և կրճատել արժեքը, Աբելյան փողոցում նվազագույնի հասցնել մեքենաների երթևեկությունը։ Հնարավորինս պակասեցվել են նաև կայանի կառուցման գոտում գործող կառույցների քանդման կամ վերակառուցման ռիսկերը»,– նշեց Աբրամսոնը։
Ընկերության գործադիր տնօրենը պատմեց, որ նախագծման երկրորդ փուլով նախատեսվում է համալիր հետազոտական աշխատանքներ իրականացնել և այնտեղ գտնվող շենք–շինությունների մանրամասն ուսումնասիրություն։ Այդ աշխատանքներում հաշվի է առնվելու նաև շինարարության սոցիալական նշանակությունը։ Այդ գործընթացներից հետո Երևանի ավագանու նիստում քննարկում կլինի նախագիծը հաստատելու համար։
«Այդ ամենից հետո միայն, մենք կկարողանանք անցնել երրորդ` նախագծային փուլին»,– ասաց նա։
Աբրամսոնն ընդգծեց, որ ընկերությունը ցանկանում է մասնակցել գործող մետրոպոլիտենի վերակառուցման, նոր կայարանների կամ նոր մուտքերի նախագծման աշխատանքներին։ Նրա խոսքով` ինժեներական ցանցերի, ուղիների և շարժակազմերի մեծ մասը թարմացման կարիք ունի և չի համապատասխանում նոր չափանիշներին։
«Ընկերությունը կարող է օգնել դրանց թարմացման գործում։ Վերջերս փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ խոսում էր, որ ցանկանում է զարգացնել Հրազդանի ձորը` ճոպանուղու և մանկական երկաթուղու վերակառուցման միջոցով։ Մենք ցանկանում ենք մեծ սիրով մասնակցել այդ նախագծի իրականացման աշխատանքներին»,– ընդգծեց ընկերության տնօրենը։
Ավելի վաղ Ավինյանը հայտնել էր, որ Աջափնյակի մետրոյի կայարանի առաջին փուլն ավարտված է։ Նա նշել էր, որ նախագիծն ամբողջությամբ ավարտին կհասցվի մինչև տարեվերջ, իսկ կայարանի կառուցումը 4 տարի կտևի։ Նրա համոզմամբ` «Աջափնյակ» կայարանի կառուցումը շուրջ 20 տոկոսով կավելացնի մետրոյի ուղևորափոխադրումները և առաջին մեծ քայլը կլինի մետրոպոլիտենի ընդլայնման համար։
Հիշեցնենք, որ Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքների համար պետական բյուջեից հատկացվել է 1 մլրդ 100 մլն դրամ։
Կայարանը տեղակայված է լինելու «Թումո» կենտրոնի մայթին` Հալաբյան– Աբելյան փողոցների խաչմերուկում։ Շինարարությունն իրականացվելու է բաց տարածքում, փորվածքն արվելու է վերևից, ինչը նկատելի նվազեցնելու է շինարարության ոչ միայն բարդությունը, այլև ֆինանսական արժեքը։