Մեկ դրամապանակով երջանկություն. երբ հաշմանդամությունն «անհետանում է» ամուր ընտանիքում

Անուշ Մկրտչյանը
31-ամյա Անուշն իր կյանքում փակ դռների ու հիասթափության շատ է հանդիպել՝ տարբեր աշխատանքներ է կատարել՝ գումար վաստակելու ու աշխատունակությունն ապացուցելու համար, բայց այսօր արդեն ինքն է պատրաստ իր հաջողված փորձով ու խորհուրդներով քաջալերել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:
Sputnik
Բարեհամբույր ու ժպտերես Անուշին կարելի է հանդիպել աշխատավայրում՝ Գյումրու «Արեգակ» փուռ-սրճարանում: Երկրորդ կարգի հաշմանդամ է՝ ոսկրային հիվանդության պատճառով ձեռքերի սահմանափակ շարժունակություն ունի, բայց ինչպես ինքն է ասում, յուրաքանչյուր մարդ պետք է իր թերությունն առավելություն դարձնի ու երբեք չնահանջի:
Եթե տարիներ առաջ Անուշ Մկրտչյանի համար խնդիրը ֆիզիկական դժվարությունից զատ նաև հոգեբանական բարդույթն էր, հիմա արդեն վերջինս վերացել է:
«Հատկապես դպրոցական տարիներին շատ էի կոմպլեքսավորված: Որպեսզի ինձ լքված չզգամ ու ինտեգրվեմ, նույնիսկ մեկ տարի շուտ եմ դպրոց գնացել, որ լինեմ հորաքրոջս աղջկա ու հորեղբորս տղայի դասարանում: Բայց ես բախտավոր եմ՝ իմ ծնողներն անում էին ամեն ինչ, որ ես ինձ տարբերվող չզգայի»,-պատմում է Անուշը։ Ծնողների աջակցության շնորհիվ էլ Անուշը բարձրագույն կրթություն ու դեղագետի որակավորում է ստանում:
Երկար փնտրտուքից հետո, սակայն, ըստ մասնագիտության աշխատանք չգտնելով՝ Անուշը որոշում է խոհարարություն սովորել։
Այն պետք է գալիս, երբ մոր հետ տեղափոխվում են եղբոր մոտ՝ Ռուսաստան: Այնտեղ աշխատում է փոքրիկ ձեռնարկությունում, իսկ 2 տարի անց, վերադառնալով հայրենիք, ընկերների խորհրդով դիմում է «9 քայլ դեպի աշխատաշուկա» ծրագրին։
Նոր աշխատանքը երկար սպասեցնել չի տալիս:
Անուշ Մկրտչյան
Որոշ ժամանակ անց Անուշը ծանոթանում է ապագա ամուսնու հետ։ Միշա Ասոյանը, ով ևս երկրորդ կարգի հաշմանդամ է, «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող անձանց կենտրոնում աշխատում էր որպես այգեպան: Հաճախակի սրճարան այցելող Միշան տեսնելով ժպտադեմ Անուշին՝ սիրահարվում է ու ամուսնության առաջարկություն անում:
Տարածաշրջանում առաջինն ու միակը․ բեմում են հաշմանդամություն ունեցող ու չունեցող արտիստները
Զույգի ընդհանուր որոշմամբ հարսանիք չի լինում: «Ես էլ, ամուսինս էլ ռոմանտիկ չենք, ռեալիստ ենք՝ էդ հարսանիքը մեզ ֆինանսական խնդիրներ կբերեր, դրա համար որոշեցինք խնայել ու հարսանիք չանել»,-ասում է Անուշը։ Շատ ընդհանրություններ ունեն, իսկ ամենակարևորը՝ միմյանց անմնացորդ հավատում են: «Նույնիսկ երկուսով մեկ դրամապանակ ունենք, գումարն ընդհանուր է»,-ժպտում է Անուշը:
Միշա Ասոյանն ու Անուշ Մկրտչյանը
Մինչ Անուշն աշխատում է «Արեգակ»-ում, ամուսինը գյուղատնտեսությամբ է զբաղվում՝ միասին կազմած ծրագիրը շահել են ու տնամերձ հողամասում կարտոֆիլ են մշակում, հավ պահում, առաջիկայում էլ նախատեսում են հացահատիկային ցանքատարածություն ունենալու համար դրամաշնորհային նոր ծրագրի դիմել: Չի թաքցնում՝ երազում է երեխայի ու իրենց առանձին՝ սեփական անկյունն ունենալու մասին:
«Իմ ընկերներին ասում եմ՝ եթե ուզում ես հասարակության լիարժեք անդամ լինել, պետք է ինքդ քեզ այդպես զգաս, իսկ եթե մատուցեցիր քեզ որպես զոհ՝ հասարակությունը քեզ այդպիսին էլ կընդունի»,-ասում է Անուշը:
Երիտասարդ աղջկա կարգախոսն է՝ հաջողության հասնելու համար առաջնայինը սեփական նպատակներին հավատալն է ու ամուր թիկունք ունենալը. հաշմանդամությունն այդ դեպքում «անհետանում» է։
1 / 4

Անուշ Մկրտչյանը

2 / 4

Անուշ Մկրտչյանը նկարել է «Գտնված երազ» մուլտֆիլմի հերոսուհուն

3 / 4

Անուշ Մկրտչյանը գործընկերների հետ

4 / 4

Անուշ Մկրտչյանը