ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն դոկտոր Թոմաս Շվարցին:
Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Հանդիպման ժամանակ կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել Թոմաս Շվարցին Հայաստանում կազմակերպության կողմից իրականացվող բարեգործական ծրագրերի համար, որոնք ուղղված են հատկապես պատերազմից տուժած ընտանիքներին:
Վեհափառ Հայրապետն անդրադարձել է «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության և Մայր Աթոռի միջև առկա ջերմ հարաբերություններին և բազմամյա համագործակցությանը՝ գոհունակություն հայտնելով Հայաստանի համար դժվարին իրավիճակներում Քույր Եկեղեցիների կողմից ցուցաբերվող զորակցության համար։
Հաղորդագրությունում նշվում է նաև, որ Հայոց Հովվապետն անդրադարձ է կատարել Հայաստանի և Արցախի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին, Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթմանն ու շարունակվող ագրեսիային, ինչի վկայությունն է Լաչինի միջանցքի արգելափակումը, ինչպես նաև օրերս ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումն Արցախի ոստիկանության աշխատակիցների վրա:
Իր հերթին Թոմաս Շվարցը, խոսելով կազմակերպության մարդասիրական առաքելության մասին, պատրաստակամություն է հայտնել շարունակելու գործակցությունը Հայ Եկեղեցու հետ: