ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Անհայտ անձը Բրյուսելի մետրոն պայթեցնելու սպառնալիքով նամակ է ուղարկել Բելգիայի մայրաքաղաքում գտնվող Եվրոպական հանձնաժողովին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «LeSoir»–ին։
Ոստիկանությունը ստուգումներ է անցկացրել և պայթուցիկ սարքեր չի հայտնաբերել, բայց զգոնությունը չի թուլացրել:
«Եվրահանձնաժողովը երեկ ուշ երեկոյան հայտնել է, որ մարտի 8-ին մետրոյում պայթյունի սպառնալիքով ռուսերեն նամակ է ստացել»,– գրում է լրատվամիջոցը։
Ըստ պարբերականի` ավելի վաղ անհայտ անձը հանձնաժողովին ևս մեկ նամակ է ուղարկել, որում սպառնալիք չի եղել, իսկ վերջին նամակում հեղինակը ԵՄ ագրեսիվ քաղաքականության համար սպառնացել է վերացնել ԼԳԲՏ և այլ փոքրամասնություններին, ինչպես նաև ԵՄ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարներին։
Հաղորդվում է, որ Բրյուսելի դատախազությունը հետաքննություն է անցկացնում և փնտրում է նամակի հեղինակին կամ հեղինակներին, իսկ երկաթուղային ոստիկանությունն ամբողջ գիշեր ստուգումներ է անցկացրել և ուժեղացրել մայրաքաղաքի մետրոյի կայարանների պարեկությունը: