Քըլըչդարօղլուին Թուրքիայի նախագահի թեկնածու առաջադրելով` շահում է Էրդողանը. ԶԼՄ

Քեմալ Քըլըչդարօղլու. Արխիվային լուսանկար
Hürriyet–ի սյունակագրի կարծիքով, եթե առաջիկա ընտրություններում հաղթի Էրդողանը, ընդդիմադիր ճակատում ամեն ինչ նորից կսկսվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Թուրքիայի նախագահ Էրդողանը Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին ընդդիմադիր դաշինքից ընտրություններում որպես թեկնածու առաջադրելու գլխավոր շահառուն է դարձել։ ՌԻԱ Նովոստին մեջբերում է Hürriyet թերթի սյունակագրի կարծիքը։
Մարտի 6-ին 74-ամյա Քըլըչդարօղլուն ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» կողմից առաջադրվել էր մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք համընդհանուր ընտրությունների միասնական թեկնածու։ Քըլըչդարօղլուն հայտարարել էր, որ ընդդիմադիր դաշինքը համաձայնեցրել է խորհրդարանական համակարգին անցում կատարելու ճանապարհային քարտեզը։ Քաղաքական գործիչը վստահեցրել էր, որ դաշինքի կազմում ընդգրկված ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն իր ընտրվելու դեպքում կստանան փոխնախագահների պաշտոնները։
Նմանատիպ պաշտոններ կարող են ստանալ նաև Ստամբուլի և Անկարայի ներկայիս քաղաքապետները։
«Քըլըչդարօղլուն հաղթող դուրս եկավ այս գործընթացում։ Մյուս հաղթողն Էրդողանն էր։ Քանի որ Էրդողանը բոլորից շատ ցանկանում էր մրցակցել Քըլըչդարօղլուի հետ», – գրում է թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին։
Միևնույն ժամանակ նա նշում է, որ «եթե առաջիկա ընտրություններում հաղթի Էրդողանը, ընդդիմադիր ճակատում ամեն ինչ նորից կսկսվի»։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ մտադիր է մարտի 10-ին հրաման ստորագրել մայիսի 14-ին համընդհանուր (խորհրդարանական և նախագահական) ընտրությունների նշանակման վերաբերյալ։