Նա այլ բան չէր կարող ասել. Սերժ Սարգսյանը` Օլաֆ Շոլցի հայտարարության մասին

Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահի կանխատեսմամբ՝ չի լինելու որևէ եվրոպական երկիր, որը մոտ ապագայում կխոսի Ղարաբաղն Ադրբեջանի կազմում լինելու մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը գերմանական ճշտապահությամբ է Լեռնային Ղարաբաղի խնդրին մոտեցել: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Շոլցի այն հայտարարությանը, որ ԼՂ հարցը պետք է լուծվի նաև ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա:
Երրորդ նախագահը հիշեցրեց 2017 թվականին ԵՄ-ի հետ ստորագրված «Համապարփակ և ընդլայնված համագործակցության» համաձայնագիրը, որը վավերացվել է ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից:
«Չեմ պատրաստվում գնալ ու մի փոքրիկ այգի խնամել»․ Սերժ Սարգսյան
«Գերմանիայի կանցլերը այլ բան չէր կարող ասել, որովհետև իր երկրի խորհրդարանը հաստատել էր այդ համաձայնագիրը, որտեղ բառացիորեն Ղարաբաղին վերաբերող հատվածը Մինսկի խմբի առաջարկներն էին: Այլ բան, որ գլխավոր բանակցողը խուսափում է, փախչում է ինքնորոշում բառից, ինչպես սատանան խնկից: Դրա համար ինքը որևէ արձագանք չտվեց»,- ասաց Սարգսյանը։
Երրորդ նախագահի կանխատեսմամբ՝ գոնե մոտ ապագայում չի լինելու որևէ եվրոպական երկիր, որը խոսի Ղարաբաղն Ադրբեջանի կազմում լինելու մասին:
Այդպիսով, Սարգսյանի խոսքով, նրանք կհակասեն Եվրոպական խորհրդարանի կողմից վավերացված համաձայնագրի դրույթներին։