Microchip Technology–ն ծրագրում է միկրոչիպեր արտադրել ՀՀ–ում. Փաշինյանն ընդունել է Վեյերին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Microchip Technology» ընկերության փոխնախագահին
Ամերիկյան ընկերությունը նախատեսում է Հայաստանում գործունեություն ծավալել ծրագրային ապահովման, միկրոչիպերի արտադրության, ոլորտային կրթության ուղղություններով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Միկրոէլեկտրոնիկա արտադրող ամերիկյան «Microchip Technology» ընկերությունը պատրաստվում է մասնաճյուղ բացել Հայաստանում։ Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, այդ մասին խոսվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Microchip Technology»–ի փոխնախագահ Բրյուս Վեյերի հանդիպմանը։
Վարչապետը ողջունել է ընկերության մուտքը Հայաստան և հայկական «Instigate Semiconductor»–ի հետ համագործակցությունը։ Փաշինյանը նշել է, որ ՏՏ բնագավառի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, և ռազմավարական այս ոլորտում շարունակաբար կայուն աճ է արձանագրվում:
«Մենք կարևորում ենք հեղինակավոր ՏՏ ընկերությունների ներգրավումը հայաստանյան շուկա և պատրաստակամ ենք աջակցել ներդրումային գործընթացին, ինչը կխթանի նորարարությունների աճը մեր տնտեսությունում», - ասել է Փաշինյանը և հիշատակել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի գործունեությունը՝ ընդգծելով, որ կառույցի կողմից ներդրողների հետ իրականացվում է թիրախային աշխատանք:
Բրյուս Վեյերն էլ նշել է, որ «Microchip Technology»-ն հետաքրքրված է հայկական տեխնոլոգիական շուկայում ծրագրերի իրականացմամբ և նախատեսում է գործունեություն ծավալել ծրագրային ապահովման, միկրոչիպերի արտադրության, ոլորտային կրթության ուղղություններով, նպաստել ՀՀ տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում փոխգործակցության շուրջ:
Վարչապետն անդրադարձել է կառավարության տնտեսական բարեփոխումների օրակարգին, ներկայացրել տեխնոլոգիական ոլորտի ծրագրերը և նշել, որ ոլորտի առաջնահերթության մասին է վկայում նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ստեղծումը: Բրյուս Վեյերն իր հերթին նշել է, որ «Microchip Technology» ընկերությունը հետաքրքրված է երկարաժամկետ համագործակցությամբ և հեռանկարային է համարում նաև տիեզերական հետազոտությունների ոլորտում գործընկերությունը:
Հայաստանում ՏՏ շրջանառությունը 2022 թվականին ավելացել է ավելի քան 50%-ով․ Փաշինյան