ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի ուղեկցությամբ դիտարկել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի կառուցման ընթացքը։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Նշված ճանապարհահատվածի մի մասում փլուզված հատված կա։ Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է պարզի փլուզման պատճառը և վերացնի այն։ Աշխատանքային խմբի անդամները նախարարի հետ տեղում քննարկել են հնարավոր լուծումները»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ նախարարության` Որոտան-Խոտ 10.3 կմ երկարությամբ ավտոճանապարհի մյուս հատվածներում այս պահին կատարվում են հողային աշխատանքներ։
Նախարարը տեղում ծանոթացել է իրականացվող աշխատանքներին, զրուցել շինարարների հետ, տվել անհրաժեշտ հանձնարարականներ։
Գնել Սանոսյանը տեղում ծանոթացել է իրականացվող աշխատանքներին
Հիշեցնենք` Խոտ–Որոտան ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրին փլուզում էր տեղի ունեցել 2022 թվականի մարտին։ Այդ փլուզման հետևանքով ճանապարհի շինարարությունը մի քանի ամսով դադարեցվել էր։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը նոյեմբերին Sputnik Արմենիային հայտնեց, որ մեկ այլ փլուզում էլ տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին ճանապարհի կմ8+700 հատվածում։
Նշենք, որ Որոտան-Գորիս նախկին ճանապարհի մի մասը 44-օրյա պատերազմից հետո անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։