ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան պողոտայում ավտոբուսի վթարման դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) հատկանիշներով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Նախնական տվյալներով` երթևեկության ընթացքում բախում է տեղի ունեցել ուղևորափոխադրող ավտոբուսի և «BMW» մակնիշի ավտոմեքենայի միջև, որի պատճառով ավտոբուսի վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը և բախվել անկյունային բետոնե բաժանարարին։ Ավտովթարի հետևանքով ավտոբուսի վարորդը, ինչպես նաև 13 ուղևորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածներով տեղափոխվել են բուժհաստատություններ»,–գրել է Աբրահամյանը։
Նա նշել է, որ իրականացվում են անհրաժեշտ քննչական, վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 08:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոնթե Մելքոնյանի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ։
Պարզվել էր, որ բախվել են «Hyundai» մակնիշի ավտոբուսը և «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Հ․), կան տուժածներ։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանցից 3–ի վիճակը ծանր է։