Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանին

Սիրիա
Օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, և արտասահմանյան երկրներից հումանիտար բեռների առաքում չի իրականացվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Իսրայելի ռազմաօդային ուժերի մարտավարական F-16 կործանիչները Միջերկրական ծովի ջրատարածքից հրթիռային հարված են հասցրել Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքի միջազգային օդանավակայանին: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, ճեպազրույցի ժամանակ այդ մասին հայտնել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, փոխծովակալ Օլեգ Գուրինովը:
«Մարտի 7-ին՝ ժամը 02:02-ից մինչև 02:13-ը, Իսրայելի ռազմաօդային ուժերի չորս մարտավարական F-16 կործանիչներ Միջերկրական ծովի արևելյան մասից հրթիռային հարված են հասցրել Հալեպ քաղաքի «Էն Նայրաբ» միջազգային օդանավակայանին», - ասել է Գուրինովը։
Նա հավելել է, որ վնասվել են թռիչքուղին և ռադիոտեղորոշիչը։
Օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, ինչի կապակցությամբ արտասահմանյան երկրներից հումանիտար բեռների առաքում չի իրականացվում։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ էր տեղի ունեցել, որն ավերածությունների էր հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ էր գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 10-11 բալ:
Երկրաշարժի հետևանքով տուժել էր նաև Սիրիան։