ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Ապրիլին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հոկեյի բաց առաջնություն կանցկացվի։ Այս մասին հայտարարել է Հոկեյի հայկական լիգայի հիմնադիր Պյոտր Լեբեդևը` «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ուսումնամարզական համալիրի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանի և «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանի հետ հանդիպմանը:
Նշենք, որ հանդիպումը կայացել է Երևանում «Մոսկվայի տան» նախաձեռնությամբ։
«Բացի այդ, մայիսյան տոներին նախատեսում ենք հոկեյի մեծ մրցաշար կազմակերպել ավելի քան 10 թիմերի մասնակցությամբ։ Մենք մեծ հույսեր ենք կապում Հայկական հոկեյի լիգայի հենքի վրա հիմնված մանկական մարզադպրոցի հետ, որը դաստիարակելու է ապագա մարզիկներին։ Կարծում եմ, որ հոկեյը Հայաստանում մեծ ապագա ունի», – ասել է նա։
Կողմերը քննարկել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ուսումնամարզական համալիրի հիման վրա հետագա համագործակցության և միջոցառումների կազմակերպման հնարավորությունները:
Համալիրի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը նշել է, որ իրենց մոտ գործում է հոկեյի խմբակ։
«Կարող ենք առաջարկել Հոկեյի հայկական լիգայի դպրոցի աշակերտների հետ համատեղ հոկեյի մանկական թիմ ստեղծել»,–ասել է նա։
Երևանում «Մոսկվայի տան» գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանն էլ իր հերթին ընդգծել է, որ այս նախաձեռնությունը սպորտի ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի կապերի ամրապնդման ևս մեկ օրինակ կդառնա: