Վրաստանի խորհրդարանում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի քննարկման ժամանակ կրկին ծեծկռտուք է տեղի ունեցել։
Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ օրինագիծը քննարկվել է իրավական հանձնաժողովի նիստում։ Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Անրի Օխանաշվիլիի և ընդդիմության ներկայացուցիչների միջև վիճաբանություն է սկսվել։
Արդյունքում խորհրդարանականները՝ ընդդիմադիր «Աղմաշենեբելի ռազմավարություն» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն և «Ազգային շարժման» նախագահ Լևան Խաբեիշվիլին, ստիպված են եղել լքել դահլիճը։
Հայտարարվել է տեխնիկական ընդմիջում։
Հիշեցնենք, որ մարտի 2-ին նման ծեծկռտուք էր տեղի ունեցել խորհրդարանի պատգամավորների միջև՝ նույն օրինագծի քննարկման ժամանակ։
Ավելի վաղ «Ժողովրդի իշխանությունը» ընդդիմադիր շարժման պատգամավորները Վրաստանի խորհրդարան էին ներկայացրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծ, ըստ որի՝ առաջարկվում է ստեղծել օտարերկրյա ֆինանսավորում ստացող հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և սուբյեկտների ռեգիստր։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները լրագրողների հետ զրույցում հայտարարել էին, որ մտադիր են աջակցել նոր օրինագծին, և եթե նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին օգտվի վետոյի իրավունքից, պատգամավորները կփորձեն հաղթահարել այն։