Տեղի կունենա՞ 96-րդ խաղը. Հենրիխ Մխիթարյանը` Հայաստանի հավաքական վերադառնալու մասին

Հենրիխ Մխիթարյան. Արխիվային լուսանկար
Հենրիխ Մխիթարյանի խոսքով՝ հավաքականում պատասխանատվությունը պետք է ստանձնեն երիտասարդ ֆուտբոլիստները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը չի վերադառնա ազգային հավաքական: Այս մասին «Ինտերի» ֆուտբոլիստը հայտարարել է Proffutball YouTube-ի եթերում։
«Կարծում եմ, որ հավաքականի կազմում 96-րդ հանդիպում չի լինի։ Չեմ ափսոսում իմ որոշման համար, չնայած դա ինձ համար հեշտ չէր։ Բայց ավելի լավ է հավաքականում կարիերան ավարտել մի փոքր շուտ։ Այդ որոշման մանրամասների մասին կխոսեմ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո։ Միակ բանը, որ հիմա կարող եմ ասել, մեր երկրի հավաքականին հաջողություն մաղթելն է առաջիկա խաղերում, հատկապես Թուրքիայի դեմ», - ասել է Մխիթարյանը։
Ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագը նշել է, որ ժամանակն է երիտասարդներին ճանապարհ տալ, որպեսզի նրանք առաջնորդեն Հայաստանի հավաքականը:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին հայտարարել էր 2022 թվականի մարտի սկզբին ։
«Ես ցանկացել եմ հաղթել կարիերայիս ամեն քայլափոխին, անկախ այն հանգամանքից, թե որքան դժվար է դա։ Վերջին 15 տարիների ընթացքում մեծ պատիվ էր ինձ համար խաղալ ազգային հավաքականում, իսկ վերջին 6 տարիներին՝ լինել ավագը։ 95 միջազգային խաղերից, քրտնաջան աշխատանքից, աննախադեպ վերելքներից ու անկումներից հետո որոշում կայացրի ավարտել միջազգային կարիերաս Հայաստանի հավաքականում», - ասել է Մխիթարյանը ։
Նա ընդգծել է, որ մտադիր է կենտրոնանալ ակումբային աշխատանքի վրա: