Պայթյուն Պակիստանում. 9 ոստիկան է զոհվել

Մահապարտը մոտոցիկլետով բախվել է կամրջի վրա գտնվող ոստիկանական ֆուրգոնին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Պակիստանի Բելուջիստան նահանգի Բոլան շրջանում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 9 ոստիկան է մահացել, ևս 13-ը տուժել են: Այս մասին հայտնում է Urdu Alarabiya-ն։
Իշխանությունների տվյալներով` մահապարտ ահաբեկիչը Քանբարի կամրջի վրա մոտոցիկլետով բախվել է ոստիկանական ֆուրգոնին։ Դեպքի վայր են ժամանել սակրավորները և արտակարգ ծառայությունների այլ աշխատակիցներ։ Վիրավոր սպաներին տեղափոխել են տեղի հիվանդանոց, այնուհետև ուղղաթիռով տարհանել շրջանի մայրաքաղաք Քվեթայի հիվանդանոց:
Քվեթայի քաղաքացիական հիվանդանոցի գլխավոր բժշկի խոսքով` ահաբեկչության պատճառով հաստատությունում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, և ամբողջ անձնակազմը` ներառյալ խորհրդատուները, բժիշկները, դեղագործները և շտապ օգնության բժիշկները, հետ են կանչվել աշխատանքի։ Հունվարին Պակիստանի Փեշավար քաղաքում, աֆղանական սահմանի մոտ, մզկիթի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել։ Lady Reading հիվանդանոց է տեղափոխվել առնվազն 90 վիրավոր։ Նրանցից ոմանք ծայրահեղ ծանր վիճակում են եղել։
Պակիստանում մզկիթի պայթյունի զոհերի թիվը հասել է 72-ի