ՆԱՏՕ–ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Կոլոմինա

Խավիեր Կոլոմինան նշել է, որ Ստեփանակերտի մերձակայքում տեղի ունեցածը ցույց է տալիս բանակցությունների սեղանի շուրջ նստելու և հրատապ լուծումներ գտնելու անհրաժեշտությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան խիստ մտահոգված է Ստեփանակերտի մերձակայքում մարտի 5–ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Այս մասին Կոլոմինան գրել է Twitter–ի իր էջում։
Նա նշել է, որ այս միջադեպը ցույց է տալիս բանակցությունների սեղանի շուրջ չլուծված հարցերի լուծումներ գտնելու հրատապ անհրաժեշտությունը։
«ՆԱՏՕ–ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,– նշել է ՆԱՏՕ–ի ներկայացուցիչը։
Հիշեցնենք` մարտի 5-ի առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Զոհվել է երեք ոստիկան, մեկը վիրավորվել է։
Բաքուն իր հերթին հայտնել է երկու ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին։