«Մտահոգված ենք». Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչով դիմել է հայկական և ադրբեջանական կողմերին

ՌԴ ԱԳՆ
ՌԴ–ն հորդորում է զսպվածություն ցուցաբերել և լարվածությունը թուլացնելու քայլեր ձեռնարկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Մոսկվան մտահոգություն է հայտնում ղարաբաղյան հակամարտության գոտում գրանցված լարվածության կապակցությամբ։ ՌԴ արտգործնախարարության կայքում հրապարակվել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը։

«Խիստ մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության սրման կապակցությամբ։ Վերջին օրերին տեղի են ունեցել հրադադարի ռեժիմի բազմակի խախտումներ։ Մարտի 5-ին գրանցված զինված միջադեպի հետևանքով մարդկային կորուստներ ունի ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմը»,– նշել է Զախարովան։

ՌԴ–ն կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և լարվածությունը թուլացնելու քայլեր ձեռնարկել։
«Վերահաստատում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների անշեղ պահպանման անհրաժեշտությունը»,– ասված է հայտարարությունում:
ՌԴ ԱԳՆ–ն շեշտում է` Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում անվտանգության և կենսագործունեության ապահովմանը վերաբերող ցանկացած հարց պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, կողմերի միջև շփման միջոցով, կատարվածը ևս մեկ անգամ հաստատում է Բաքվի ու Երևանի միջև շուտափույթ բանակցությունների վերսկսման հրամայականը։
Հիշեցնենք` մարտի 5-ի առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Զոհվել է երեք ոստիկան, մեկը վիրավորվել է։
Բաքուն իր հերթին հայտնել է երկու ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին։