Միկոյանի դեմ մահափորձն ու Ստալինի վախերը. ինչու էր թիրախում հայտնվել հայ քաղաքական գործիչը

Ստալինն ու Միկոյանը մեկ նկարում. Արխիվային լուսանկար
Շատերին հայտնի «Իլյիչից մինչև Իլյիչ` առանց կաթված ու պարալիչ» արտահայտությունը կարող էր և չծնվել, եթե 1942 թվականի նոյեմբերին Մոսկվայի Կարմիր հրապարկում զորքերի շքերթից մեկ օր առաջ, Անաստաս Միկոյանին հաջողվեր սպանել։ Մահափորձը, սակայն, ձախողվեց։
Sputnik
Ահաբեկչության մասին իմանալով` Իոսիֆ Ստալինը կատաղում է։ Կանչում են առաջին դեմքերին` պետանվտանգությունից Վիկտոր Աբակումովը, ՆԳՆ-ից Վսևոլոդ Մերկուլովը, Ներքին գործերի ազգային կոմիսարիատի (НКВД) Մոսկվայի գոտու պահպանության ղեկավար Իվան Սերովը (հետագայում ԽՍՀՄ ԿԳԲ-ի առաջին նախագահ)` բոլորը բազմաթիվ պարգևներով պատված գեներալներ` ուսադիրներին մի քանի աստղով։
-Ձեզ հայտնի՞ է Միկոյանի վրա կրակելու դեպքի մասին,-առանց բարևելու հարցնում է Ստալինը։
-Այո, ընկեր Ստալին։ Մենք հետաքննություն ենք անցկացնում ընկեր Աբակումովի հետ...
Եվ այստեղ առաջնորդը պայթում է. «Ինչ հետաքննություն, ի՞նչ գրողիս է ձեր հետաքննությունը։ Խայտառակություն է` չգիտեք, թե ձեր քթի տակ ինչ է կատարվում»: Զայրույթն ահագնանում էր, գեներալները լուռ կանգնած էին, յուրաքանչյուրն իր ապագայի մասին էր մտածում։
Իր ապագայի մասին էր մտածում նաև Ստալինը։ Դժվար է խոստովանել, որ Միկոյանի կյանքը նրա համար այդքան թանկ էր. բոլորը հասկանում էին (և կանչված գեներալները նույնպես), որ սեփական կյանքը Ստալինի համար շատ թանկ է, իսկ եթե այսօր Միկոյանի վրա են նշան բռնում, ապա վաղը...
Եվ իրոք։ Միկոյանը կրակոցի տակ պատահական էր հայտնվել, նրանից մի քիչ առաջ Կարմիր հրապարակով անցել էր Կալինինի մեքենան (երկրի անվանական ղեկավարի պաշտոնն էր զբաղեցնում), բայց նրա մեքենային ոչ ոք չէր կրակել։ Մի՞թե ահաբեկիչը Միկոյանին էր սպասում։ Ոչ մի նման բան։ Սպասում էր Ստալինին։ Տեսնելով, որ նա չի գալիս, որոշել է կրակել «հատուկ նշանակության գարաժից» ցանկացած մեքենայի վրա։
Ամբողջ նշանակալիությամբ հանդերձ` Միկոյանն այն ժամանակվա խորհրդային պաշտոնյաների շարքում այն մարդը չէր, որի վերացումը կարող էր ինչ-որ բան փոխել խորհրդային պետության կողմից իրականացվող քաղաքականության մեջ։
«ՄակՄիկոյան» կոտլետը McDonald's-ից հին է. ինչպես Միկոյանը ԽՍՀՄ բերեց 1-ին համբուրգերները
Ավելին, Միկոյանի անվան հետ էին կապված խորհրդային մարդկանց կյանքի որոշակի բարելավումները. խանութներում հայտնվել էին այսպես կոչված բժշկական երշիկը, նրբերշիկներ, պաղպաղակ, ինչպես նաև առաջին սառնարանները, որտեղ այդ ամենը կարելի էր պահել։ Այստեղից էլ գալիս էր «խորհրդային պաղպաղակի և հանրային սննդի հոր» փառքը։ Ինչո՞ւ սպանել այդպիսի մարդուն։
Իսկ հիմա ձգանը սեղմողի մասին։ Սավելի Դմիտրիև` Մոսկվայում տեղակայված ՀՕՊ զենիթային գնդի եֆրեյտոր։ Հնադավան գյուղացու որդի էր, ամուսնացած էր, կոմսոմոլի անդամ։ Հարցաքննությունների ընթացքում պատմել է, որ հակախորհրդային տրամադրություններ է ունեցել, իսկ գերմանական թռուցիկները իշխանության դեմ հանդես գալու, իր չստացված կյանքի համար վրեժ լուծելու ձգտում էին առաջացրել։ ԽՍՀՄ-ում, ինչպես հայտնի է, բոլոր ստացված և չստացված կյանքերի համար մի մարդ էր պատասխանատու և նրան անվանում էին Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալին։
Սավելի Դմիտրիևը, հասկանալի է, այս մասին գիտեր և դեռ Կարմիր հրապարկում իրականացրած կրակոցներից առաջ ահաբեկչության էր պատրաստվում Մոսկվայի մեկ այլ` Մայակովսկու հրապարակում։ Դեռ 1941-ի վերջին, Մայակովկայում զենիթային գնդացիրի կայանքի հրաձիգին փոխարինելիս էր Դմիտրիևը մտադրություն ունեցել կրակ բացել Գորկու փողոցով անցնող կառավարական մեքենաների վրա։
Ի՞նչն էր խանգարել։ Նրան կանգնեցրել էր անցորդներից մեծ թվով զոհերի հավանականությունը։ Ահաբեկիչներին ևս մարդասիրությունը խորթ չէ։
Այդ օրը Կարմիր հրապարակում քիչ մարդ կար։ Մեկն անց կես Դմիտրիևը հասնում է Լոբնոյե Մեստո և հրացանով զգաստ կանգնում։ Կարմիր հրապարակը հատուկ պահպանման օբյեկտ է, ուստի երկու րոպե անց նրան մոտենում է ոստիկանը և հարցնում, թե ինչ է անում այնտեղ։
Դմիտրիևը վստահ պատասխանում է, թե ուղարկված է որպես լրացուցիչ ուժ` կապված պետական տոնի նախապատրաստությունների հետ։ Նրան մոտենում են նաև Կրեմլի պարետատան սպաները, և բոլորին նա նույն բանն է ասում, և բոլորը հավատում են, և նա շարունակում է տեղում կանգնած մնալ։ Աշտարակի ժամացույցը ցույց է տալիս 14:55:
Միկոյանի մեքենան դուրս է գալիս Կրեմլից, բայց Լոբնոյե Մեստո չհասած նվազեցնում է արագությունը. մեքենայի ճանապարհը փակում է ծղոտով լի սայլը։ Երեք կրակոց է հնչում, բայց Միկոյանի զրահապատ մեքենային դրանք չեն վնասում, իսկ դրան հետևող մեքենայից, որում անձնական թիկնապահներն էին, հատուկ պատրաստված մարդիկ են դուրս ցատկում։ Կարճ հրաձգություն է սկսվում։
Դեպքի վայր է նետվում Մոսկվայի Կրեմլի պարետատան սպաներից մեկը։ Նրա մոտ նռնակներ են լինում, երկրորդ նռնակի պայթյունից հետո վիրավոր Դմիտրիևը ձեռքերը բարձրացնում է` հանձնվում եմ:
Ձերբակալեցին, սկսվեց հետաքննությունը։ Այն երկար էր ու ձանձրալի (ութը տարի տևեց), և միայն 1950 թվականին եկան այն եզրակացության, որ այստեղ դավադրություն չի եղել, ահաբեկիչի հետևում հակահեղափոխական կազմակերպություններ կամ գերմանական հատուկ ծառայություններ չեն կանգնած։ Այդ դեպքում ի՞նչ է։ Ցնդա՞ծ է։
Որոշեցին, որ այո, գիժ է։ Առավել ևս, որ իր ծրագրի մասին Դմիտիրևը բացեիբաց էր խոսում, ոչինչ չէր թաքցնում։ Այո, ուզում էր Ստալինին սպանել, բայց ավելի մանր մեկին նույնպես համաձայն էր։ Միկոյանը ձեռքի տակ ընկավ։
Դմիտիրևին գնդակահարեցին։ Միկոյանն ապրեց 82 տարի և գրեթե անընդհատ իշխանության մեջ էր։ Նրա քաղաքական երկարակեցությունը բազմաթիվ կատակների առարկա էր դարձել։ Ասում էին, որ նա կարող է քայլել անձրևի տակով և չթրջվել։ Բարեկամներ ընտրելու և թշնամիների հարցերը լուծելու նրա ունակությունը ծնունդ տվեց «Самый хитрый из армян – это Анастас Микоян» արտահայտությանը։
Վերջին պաշտոնը, որ զբաղեցրել է այն մարդը, որի մասին այն ժամանակ ասում էին` «նա կերակրեց ամբողջ ԽՍՀՄ-ը և փրկեց աշխարհը Երրորդ համաշխարհային պատերազմից», ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի պրեզիդիումի նախագահն էր, կամ, ժամանակակից լեզվով ասած, երկրի նախագահը։
Միկոյանների վնասված «ՄԻԳ»-ն ու թալանված «ԶԻՄ»-ը. Սանահինի թանգարանը այցելուներ գրեթե չունի