Լիոնել Մեսսին մուլտսերիալի հերոս կդառնա

Լիոնել Մեսսի
Այս նախագծին մասնակցելը երջանկացնում է հայտնի ֆուտբոլիստին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն, ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին անիմացիոն սերիալի հերոս է դառնալու։ Այս մասին հայտնում է Deadline պարբերականը։
Սերիալը նախատեսված է լինելու մանուկների և պատանիների համար։ Սերիալի ստեղծման վրա աշխատելու է Sony Music Entertainment ընկերությունը, սակայն ժամկետների մասին դեռ չի հաղորդվում։ Ինքը` Մեսսին, մեկնաբանելով նորությունը, խոստովանել է, որ փոքր հասակում մուլտսերիալներ շատ է սիրել։
«Անիմացիոն նախագծին մասնակցելու հնարավորությունը երջանկացնում է ինձ, երազանքս կատարվում է։ Կցանկանայի շնորհակալություն հայտնել Sony Music–ին այս նախագծին մասնակցելու համար, հույս ունենք, որ արդյունքը կհավանեն բոլորը, հատկապես աղջիկներն ու տղաները», – ասել է Մեսսին։
Կարիերայի սկզբից իսպանական «Բարսելոնայի» կազմում հանդես եկող Մեսսին 2021 թվականի ամռանը հեռացավ «Պարի Սեն–Ժերմեն» որպես ազատ գործակալ։ Արգենտինացին ռեկորդային 7 անգամ «Ոսկե գնդակի» հաղթող է ճանաչվել։ 2008 թվականին նա հաղթեց օլիմպիական խաղերում և 2021 թվականին նվաճեց Ամերիկայի գավաթը։ Արգենտինայի հավաքականի կազմում Մեսսին աշխարհի չեմպիոն դարձավ 2022 թվականին, Փետրվարի վերջին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) Մեսսիին 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել։