Հայկ Կոնջորյանն ընդունել է ՌԴ դեսպանին և խոսել Ադրբեջանի դիվերսիոն հարձակման մասին

Հայկ Կոնջորյանն ընդունել է ՌԴ դեսպանին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը ՌԴ դեսպանի հետ զրույցում ընդգծել է, որ արդեն 85-րդ օրն է` Լաչինի միջանցքը ապօրինի շրջափակված է Ադրբեջանի կողմից, ինչը եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և նրա ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի դիվերսիոն հարձակման վրա։ Տեղեկությունը հայտնում է ՔՊ գրասենյակը։
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՔՊ խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը և Միքայել Թումասյանը։
«Դեսպանի ուշադրությունն եմ հրավիրել մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման վրա, որի հետևանքով զոհվել են ԼՂ ոստիկանության երեք ծառայողներ, իսկ մեկը վիրավորվել է»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հայկ Կոնջորյան
Նշվել է, որ արդեն 85-րդ օրն է` Լաչինի միջանցքը ապօրինի շրջափակված է Ադրբեջանի կողմից, ինչը եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է, և որ Լաչինի միջանցքը պետք է օր առաջ բացվի:
Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր:
Կարևորվել է միջխորհրդարանական բնագավառում երկու երկրների ներկայացուցիչների համագործակցությունը։
Սերգեյ Կոպիրկին
Հիշեցնենք` մարտի 5-ի առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Զոհվել է երեք ոստիկան, մեկը վիրավորվել է։
Բաքուն իր հերթին հայտնել է երկու ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին։