«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը ԿԳՄՍՆ–ի հետ կվերականգնի Հատիսի վրա հայտնաբերված ամրոցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի միջև հուշագիր է կնքվել
Նախարարի տեղակալը վստահություն է հայտնել, որ համատեղ գործունեությունը կիրականացվի՝ ի շահ հուշարձանի պահպանության և հանրայնացման։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի միջև հուշագիր է կնքվել Կոտայքի մարզի Հատիս լեռան վրա նոր հայտնաբերված ամրոցի վերականգնման աշխատանքների վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
Համաձայն հուշագրի` նաև պետք է հետագա հնագիտական ուսումնասիրություն, ամրակայման և վերականգնման աշխատանքներ իրականացվեն։
Նախարարության կողմից հուշագիրը ստորագրել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, իսկ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից՝ լիազոր ներկայացուցիչ Արայիկ Կոսեյանը:
«Հուշագիրը կնքվել է՝ կարևորելու պատմամշակութային ժառանգության արժեքն ու հետագա սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը, օժանդակելու պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնմանն ու օգտագործմանը: Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը վստահություն է հայտնել, որ համատեղ գործունեությունը կիրականացվի՝ ի շահ հուշարձանի պահպանության և հանրայնացման»,– ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ կողմերը վերահաստատել են հուշագրով սահմանված պարտականություններն իրականացնելու պատրաստակամությունը:
Համաձայնագրում նշվում է, որ ԿԳՄՍ նախարարությունը աշխատանքների ընթացքում և ավարտից հետո կապահովի նոր հայտնաբերված ամրոցի պատշաճ պահպանությունը, ինչպես նաև կցուցաբերի մասնագիտական և գիտագործնական աջակցություն։
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն էլ սեփական միջոցների հաշվին կիրականացնի նոր հայտնաբերված ամրոցի հնագիտական պեղումների, ինչպես նաև ամրակայման և վերականգնման աշխատանքները։ Իր իրավասությունների սահմաններում հիմնադրամը աջակցություն կցուցաբերի այլ հարցերում։
Հուշագրում տեղ գտած կետերից մեկի համաձայն էլ կողմերը պարտավորվում են լրատվական միջոցներով լուսաբանել և ապահովել իրականացվող աշխատանքների հրապարակայնությունը։
Հիշեցնենք` գործարար Գագիկ Ծառուկյանը 2022 թվականի հունվարի 14-ին հայտարարել էր Հայաստանում Հիսուսի արձան տեղադրելու մասին։
Հուլիսի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասաց, որ գործադիրը դեմ չէ շինարարական նախաձեռնությանը:
2 օր անց` հուլիսի 9-ին մեկնարկեցին արձանի կառուցման աշխատանքները։
Իսկ հուլիսի 11-ին ԿԳՄՍՆ–ն հայտարարեց, որ ընդունելի համարելով «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի գաղափարը` պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է գործող օրենսդրությանը և կարգերին։