ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով Թուրքիայում առնվազն 230 հազար շենք ոչ պիտանի վիճակում են կամ փլուզվել են։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Թուրքիայի կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ընթացքում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Երկրաշարժերից տուժած 11 նահանգներում փլուզվել են, փլուզման վտանգի տակ են կամ խիստ վնասված ավելի քան 230 հազար շենք», – ասել է Էրդողանը։
Նա հավելել է, որ իշխանությունները աղետից տուժածների համար նախատեսում են 405 հազար բնակելի միավոր և 83 հազար գյուղական տուն կառուցել։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Գրանցվել է ավելի քան 4000 հետցնցում, երկրաշարժի զոհ է դարձել շուրջ 50 հազար մարդ։