«Բաքուն և Երևանը զգալի առաջընթաց են գրանցել». Բոնոն` Ալիևի հետ հանդիպմանը

Լուիս Բոնոն Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը ընդգծել է բանակցային գործընթացում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի ներգրավվածությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Բաքուն և Երևանը վերջին ամիսների ընթացքում զգալի առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման ճանապարհին։ Այս հայտարարությունն արել է ԱՄՆ պետքարտուղարի կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոն Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։ Տեղեկությունը Twitter–ում հրապարակել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը։
«Բոնոն ընդգծել է բանակցային գործընթացում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի ներգրավվածությունը և այն զգալի առաջընթացը, որը երկու կողմերը ձեռք են բերել վերջին ամիսներին»,– ասված է հաղորդագրությունում։
Դիվանագետն առաջին անգամ է այցելում տարածաշրջան։ Պետդեպարտամենտում վստահություն են հայտնել, որ այս այցը թույլ կտա շարունակել ԱՄՆ պետքարտուղարի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ընթացիկ տարվա փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացած երկխոսությունը։ Խորհրդականը նախատեսում է հանդիպումներ անցկացնել Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների բարձրագույն ղեկավարության հետ։