ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոն ժամանել է Հայաստան։ Այցի ընթացքում նրան ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը, հայտնում է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր։ Գևորգյանն ընդգծել է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք խումբ գործուղելու անհրաժեշտությունը:
«Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին: Այս համատեքստում կարևորվել է Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու մասին որոշման իրականացումը»,– ասված է հաղորդագրությունում:
Ինչ է որոշել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը
2023-ի փետրվարի 22-ին ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը փաստեց` առկա է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանըմիաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
Վահե Գևորգյանը զրուցակցին է ներկայացրել նաև Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից մարտի 5-ի կատարված դիվերսիոն հարձակման մանրամասները:
Հիշեցնենք` մարտի 5-ի առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Զոհվել է երեք ոստիկան, մեկը վիրավորվել է։
Բաքուն իր հերթին հայտնել է երկու ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին։