Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա․ Գրեթե 15 տարի է՝ Ռուբեն Մխիթարյանը միջոցառումներ ու հարսանիքներ է վարում և արդեն մի քանի տարի շարունակ ներառվում է Ռուսաստանի լավագույն հաղորդավարների հարյուրյակում (36-րդ հորիզոնականում է)։ Եթե խոսենք բուն հարսանիքների մասին, Ռուբենը հիմնականում հայկականներն է վարում, բայց ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում և Եվրոպայի որոշ երկրներում։
Պրոֆեսիոնալ թամադան խոստովանում է, որ անկախ այն բանից, թե որ երկրում է անցկացվում հանդիսությունը, հայկական հարսանիքները մեծամասամբ բավականին նման են միմյանց։
«Եթե հայկական հարսանիքի մասին ենք խոսում կամ նույնիսկ ազգամիջյան հարսանիքի, որտեղ ամուսնացողներից մեկը հայ է, ապա առանձնապես տարբերություն չկա։ Կարող են երաժշտության, հյուրերի քանակի, ձևաչափի որոշ տարբերություններ լինել։ Մեկը խիստ ավանդական հարսանիք է ուզում՝ մեղր, լավաշ, ափսեներ, մյուսը՝ 30-հոգանոց հարսանեկան ընթրիք»,-պատմում է նա։
Ռուբենը խոստովանում է, որ իր վարած ամենամեծ հարսանիքին 650-700 հյուր է եղել։ Միջոցառումը ջավախքցիներն էին կազմակերպել Մոսկվայի հյուրանոցներից մեկի յոթերորդ հարկում։
«Իսկ նրանք ախր շուրջպար են շատ սիրում։ Հյուրանոցը հատակը բառացիորեն ցնցվում էր նրանց ոտքերի տակ»,-պատմում է հանդիսավարը։
Ամառվա ծրագրերում նա գրեթե հավասար թվով միջոցառումներ ունի Հայաստանում և Ռուսաստանում։
Ռուբենը ուշադրություն է հրավիրում մի հետաքրքիր օրինաչափության վրա․ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերը փորձում են հարսանիքը պատմական հայրենիքում կազմակերպել։
«Շատ լավ է, որ նրանք այստեղ են հավաքվում, քանի որ դա զարգացնում է տնտեսությունը, մշակույթը, զբոսաշրջությունը, որովհետև միջոցառման կազմակերպիչները սովորաբար էքսկուրսիաներ են կազմակերպում իրենց հյուրերի համար, մարդիկ զբոսնում են, ռեստորաններ են գնում, հուշանվերներ են գնում։ Ի դեպ, կորպորատիվ միջոցառումները նույնպես այստեղ շատ են»,-ասում է մեր զրուցակիցը։
Այդ միջոցառումները, նրա խոսքով, սովորաբար կազմակերպում են այն ընկերությունները, որոնք ամբողջությամբ տեղափոխվել են Հայաստան, բայց կան և այնպիսիք, որոնք պարզապես գալիս են Երևանում մի քանի օրով գործարար համաժողովներ անցկացնելու, իսկ հետո իրենց աշխատակիցների համար գալա ընթրիքներ են կազմակերպում:
Ռուբենը խոստովանում է, որ արդեն սովորել է երկու երկրների «միջակայքում» ապրել, և դա իրեն նույնիսկ դուր է գալիս։ Պատմելով հսկայական Ռուսաստանի առջև փոքրիկ Հայաստանի առավելությունների մասին՝ նա նշում է, որ այստեղ ավելի հեշտ է բնության գրկում հանգստանալու գնալ, մինչդեռ Ռուսաստանում դա ավելի շատ ժամանակ է պահանջում։
«Որովհետև Ռուսաստանում իսկապես հեռավորություններ են։ Այնտեղ քեզ մեկ-երկու շաբաթ է պետք, որ որևէ տեղ գնաս, նայես։ Իսկ այստեղ ուղղակի մեքենա նստեցիր ու գնացիր: Մեկ-մեկուկես ժամը Մոսկվայում տնից մինչև որևէ տեղ գնալու ստանդարտ ժամանակն է, իսկ այստեղ ժամ-ժամուկես, և արդեն գեղեցկություններ են, բնապատկերներ․․․»,-ասում է նա։
Հարցազրույցի ամբողջական տարբերակը դիտեք տեսանյութում։