Հայաստանում կարմրուկով վարակվածների թիվը հասավ 18–ի. ԱՆ

Լաբորատորիա. Արխիվային լուսանկար
Հիվանդների առողջական վիճակը գնահատում է միջին ծանրության, նրանցից ոչ ոք պատվաստված չէ կարմրուկի դեմ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Հայաստանում այսօր Ժամը 10:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 18-ի, հոսպիտալացված են 17-ը:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նրանց առողջական վիճակը գնահատում է միջին ծանրության:
Տեղեկացվում է, որ հիվանդներից ոչ ոք պատվաստված չէ կարմրուկի դեմ:
Հայտնել ենք, որ մարտի 4–ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 12 դեպք։
Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:
Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին գերատեսչությունից հորդորում են դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:
Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:
Կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է ցանային երևույթներով, չոր հազով, ջերմությամբ և այլն: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։