ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողությունները այլ կերպ, քան ահաբեկչություն հնարավոր չէ որակել: Իր տարածած հայտարարության մեջ նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը`անդրադառնալով այսօր «Խայփալու» կոչվող տեղանքում տեղի ունեցած իրադարձությանը։
ՀՀ ԱԳՆ–ն նշում է, որ փաստերը վկայում են` սա նախապես ծրագրավորված և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հրահանգավորված սադրանք է:
«Տեղի ունեցածից հետո Ադրբեջանի պաշտոնական մարմինները տեղեկություններ տարածեցին, թե իբր օպերատիվ տեղեկատվություն են ստացել, որ Հայաստանից զենք, զինամթերք ու անձնակազմ է տեղափոխվում Լեռնային Ղարաբաղ և իրացրել են այդ օպերատիվ տեղեկատվությունը: Ադրբեջանի առաջ քաշած պաշտոնական վարկածն անհեթեթ է»,– գրված է հաղորդագրությունում։
Արտգործնախարարությունում վստահ են, որ ադրբեջանական կողմը չի կարող ներկայացրել այդ վարկածն ապացուցող ոչ մի փաստ ու հիմնավորում:
«Սա տեղի է ունենում Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշումից երկու շաբաթ չանցած, որով հերքվեցին Ադրբեջանի անհեթեթ պնդումները Հայաստանի կողմից ականների ենթադրյալ տեղադրումների վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ ԼՂ ոստիկանության ձեռքի տակ առկա տեսանյութն ապացուցում է, որ ադրբեջանական դիվերսիոն խումբը հարձակվել է ՈւԱԶ մակնիշի միկրոավտոբուսի վրա, որի մեջ եղել են ԼՂ ՆԳ նախարարության չորս աշխատակիցներ, որոնք ծառայողական նպատակներով Ստեփանակերտից ուղևորվելիս են եղել ԼՂ Հին Շեն, Մեծ Շեն գյուղեր: Ընդ որում, տեսանյութերը հիմնավորում են, որ ՈւԱԶ-ի մեջ բացի ծառայողական փաստաթղթերից և տաբելային զենքից այլ բան չի եղել:
Հայաստանի Հանրապետությունը կոչ է անում միջազգային հանրությանը, տարածաշրջանում իրական խաղաղության հաստատմամբ հետաքրքրված երկրներին և միջազգային կազմակերպություններին խստորեն դատապարտել Ադրբեջանի կողմի ուժի և ուժի սպառնալիքի կիրառման, ինչպես նաև լայնածավալ ռազմական գործողություններ սադրելու հերթական դրսևորումը և գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից իր իսկ միջազգային պարտավորությունների հետագա խախտումները բացառելու ուղղությամբ:
Հայտարարության մեջ նշվում է, որ Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք խումբ գործուղելը դառնում է կենսական անհրաժեշտություն:
Հիշեցնենք` այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Արդյունքում` զոհվել է երեք ոստիկան, մեկը` վիրավորվել է։